Հնում Արցախում ընդունված էր տղամարդկանց գլուխը սափրել՝ գագաթին թողնելով քաքուլ

tat_papՂարաբաղի հայի կերպարը նշանակալիորեն տարբերվում է ստորին չորային շրջանների, հատկապես՝ մերձարաքսյան, Հարքի, Մշո շրջանների հայերի կերպարից: Այստեղ գերակշռում են բարձր հասակը, համեմատաբար ավելի սպիտակ մաշկն ու բաց գույնի մազերը: Ղարաբաղցի կինն էլ, տղամարդն էլ կանգնում են ուղիղ, ուղղահայաց ձգված մեջքով: Կորացածությունն ու դուրս ցցված փորը խիստ հազվագյուտ երևույթներ են: Հնում ընդունված էր տղամարդկանց գլուխը սափրել՝ գագաթին թողնելով քաքուլ, իսկ երեխաների մազերը կարճ են կտրում՝ ճակատի մեջտեղը թողնելով թել: Աղջիկները հիմա էլ 4 հյուս են անում, որոնցից երկուսը ետ են գցում ՝ մեջքին, իսկ երկուսը կրծքին: Այսպիսի սանրվածք ունեն նաև ամուսնացած կանայք, միայն այս դեպքում  գլխաշորի  փոխարեն շատ բարդ պաճուճանք է պահանջվում, որի տակից պետք է երևան միայն առջևի հյուսերի ծայրերը:

Լեռնային Ղարաբաղը պետք է դասել այն մանածագործական մարզերի կարգը, որը կարելի է կոչել բրդի, ի տարբերություն վուշի մարզի, որտեղ տեղական ավանդույթով վաղագույն դարերից ի վեր գործվածքները վուշի թելից են գործվում: Առաջներում տղամարդիկ արխալուղ էին հագնում, իսկ վրայից՝ չուխա, քուղերով կապվող տաբատ, որը նաև ետ ու առաջ կարելի էր հագնել: Ոտքերին թելակապ կարճ կուլբա ու կիսամշակ կաշվե տրեխ  էին հագնում: Գլխին դնում էին ոչխարի մորթուց պատրաստված լայն կոնաձև փափախ: Ձմռանը հագնում էին երկար, դարձյալ ոչխարենի մուշտակ ՝ քուլք: Այծենակաճը՝ յափնջին մուտք է գործել վերջերս ՝ Դաղստանից: Տրեխների փոխարեն ծերունիները գերադասում էին ծայրը ծածկված ու վեր թեքված և ետևը բաց կրնկավոր կիսակոշիկներ՝ քոշեր հագնել: Նորամուծության ամենից ավելի ենթարկվել են գլխանոցն ու ոտնամանը, փափախին փոխարինել է փոքր հովհարով կլոր գլխարկը, իսկ քոշերին՝ երբեմն շատ բարձր ճտքեր ունեցող երկարաճիտ կոշիկները: Տրեխները մինչև այժմ էլ պահպանվում են, սակայն հիմա էլ գյուղերում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ունեն բոկոտն քայլելու սովորություն: Երիտասարդներից ովքեր առանձնապես ուզում էին ցուցադրել իրենց կորովիությունը, սկսեցին ցածր ՝ 10-12սմ –անոց ուղիղ փափախներ դնել ՝ կարված ոչխարի  շիկավուն մորթուց, գագաթամասը ՝ մուգ գույնի կտորից:

Կանացի գլխանոցի մի վիճակից մյուսին անցնելու  պրոցեսն այլ կերպ է ընթացել: Հին զգեստը կազմված էր գրեթե մինչև կրունկները  հասնող թևքավոր երկար ներքնաշապկից, որը կարվում էր մուգ  ու կարմիր մետաքսե կամ բամբակե կտորից  և հագնվում մերկ մարմնին, նույնպես կարմիր գույն ունեցող ու խոնջանով ամրացվող վարտիքի վրա, որը կարելի էր ետ ու առաջ հագնել: Շապիկի վրայից հագնվում էր մետաքսե կամ բամբակաթավշե, կողքերին երկար բացբածքներ ունեցող բաց կրծքով արխալուղը: Արխալուղը գոտևորվում էր լայն ու երկար մետաքսե լայն գոտիով 2,5- 4մ:

Տոն օրերին նաև մուշտակ ՝ քուլք էին հագնում, որը սովորաբար վառ կարմիր գույնի թավշից էրլինում: Քուլքի կրծքի վրա լայն բացվող օձիքը, ինչպես նաև առջևի բացվածքը՝

Վերից վար, քղանցքի ծայրերը եզերված էին լինում կզաքիսի կամ վայրի կատվի մորթու նեղ շերտով: Գլխի հարդարանքը Արցախի ավանդական ձևով է: Զգեստը կարված է մետաքսե կամ սատինե կտորից: Չափազանց լայն թևքերը սպիտակ մետաքսից են: Զգեստի թևքերը, որ կարված են սպիտակ մետաքսե կտորից` դնովի են (կռնդիր): Արխալուղ-վերարկուն կարված է մուգ կանաչ մահուդե կտորից: Կրծքի մասը փակ է և երկու կողմից զարդարված է գծավոր կտորով: Այն իջնում է գոտուց ցած: Արխալուղի բոլոր եզրերը զարդարված են կարմիր մետաքսե նեղ ժապավենով: Դեկորատիվ թևքերը զարդարված են արծաթե փուչերով: