Հասմիկ Պողոսյանը կոչ է անում զբաղվել մշակույթով հարցեր տալու փոխարեն

703996

Yerkir.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը հարցին, թե` «Ձեզ նոր կառավարության կազմում տեսնո՞ւմ եք», շտապել է պատասխանել.«Եկեք` մի քիչ էլ մշակույթով հետաքրքրվենք, ինձ մշակութային հարցեր տվեք»:

Հետաքրքիր զարգացումներ են լինում մեր օրերում. պարզվում է` Հասմիկ Պողոսյանը որոշել է մշակույթով զբաղվել: Հիմա, երբ խոսակցություններ են պտտվում նրա` նախարարի պաշտոնում մնալ-չմնալու մասին, նա որոշել է մշակույթով զբաղվել ու պահանջում է իրեն մշակութային հարցեր ուղղել:

Երբ օպերային թատրոնում լարված իրավիճակ էր, կամերային երաժշտական թատրոնը կանգնել էր փակման եզրին, նախարարը չէր հասցնում բաց նամակները կարդալ, այդ ժամանակ պարզվեց, նախարարությունը միջամտելու իրավասություն չունի, ասել է, թե` հարցն այնքան էլ մշակութային չէր:

Բացի այդ` երբ օպերայի տարածքում հանրահավաքներ էին լինում, նախարարը շտապեց ասել, որ հավաքների արդյունքում կեղտոտվում են օպերայի տարածքն ու տեղում եղած հուշարձանները, ավելին`  տիկինն անգամ նախատում էր հանրահավաքներին մասնակցող` մշակույթի գործիչներին, թե ի՞նչ գործ ունեք, հանրահավաքի եք գնում: Մշակույթի գործչի` հանրահավաքի գնալ-չգնալը մշակույթի նախարարության իրավասությունների շրջանում տեսնես ե՞րբ է հայտնվել:

Արդեն 2 տարի է` ահազանգում են  Երևան-Սևան մայրուղում գտնվող «Արձագանք» հուշարձանի մասին, ավելի ճիշտ` այդ հուշարձանից մնացածի մասին, սակայն քանի որ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003-ի դեկտեմբերի 24-ին N1793-Ն որոշմամբ հաստատված` Կոտայքի մարզի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետևաբար` հուշարձանի կարգավիճակ չունի: Բայց հենց «Արձագանք» արձանի կողքին մի ուրիշ արձան կար` Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն»-ը, որն ունի հուշարձանի կարգավիճակ, սական քանդակի վերջին մնացորդները պոկվել-ընկել էին, և այժմ միայն մետաղական կոնստրուկցիան է մնացել: Ինչո՞վ են այս հուշարձանները տարբերվում օպերայի տարածքում գտնվող հուշարձաններից, որ մեկի համար հանկարծ «սրտացավ» եք ձևանում, իսկ մյուսը թողնում, որ ավերվի:

Ոչ վաղ անցյալում, Օձունի սրբատեղիի վերականգնման հետ կապված /խոսքր էր գնում փողերի յուրացման և կառույցի վերականգնումն ավարտին չհասցնելու մասին/,  5000 լոռեցիներ նամակ էին գրել Սերժ Սարգսյանին` պահանջելով Ձեր հրաժարականը: Ձեր մտքով անցա՞վ` գնալ ու զրուցել հարցի շուրջ, բնականաբար` ոչ 5000-ի հետ, բայց գոնե հենց օձունցիների հետ, տեսնել` ինչի՞ց են դժգոհ, որ Ձեր հրաժարականն են ուզում: Ի դեպ, 5000 մարդը քիչ թիվ չէ: Տեսնես` այդքան համախոհ ունե՞ք:

Սարոյանի, Լուսինե Զաքարյանի տունը պահպանելու հա՞րցը ինչ եղավ: Կներեք, հարցը մշակութային չէ, սխալ է այն Ձեզ ուղղել: Ասում են` Հրանտ Մաթևոսյանի թանգարան-կենտրոն են բացելու. տարիներ շարունակ այն բացում-բացում ենք, այդպես էլ չի ստացվում: Դեռ նախորդ տարի Համո Սահյանի տղան` Նաիրի Սահյանը, բարձրաձայնել էր այն մասին, որ ստիպված է վաճառել հոր արխիվները, քանի որ ուզում է Սահյանի տուն-թանգարանը բացել, և միայն աղմուկ բարձրանալուց հետո նախարարությունը որոշեց սայլը տեղից շարժել ու թանգարանը բացել: Ի՞նչ է` նույնն էլ պետք է Մաթևոսյանի դեպքում անել, որ թանգարանը կառուցվի:

Բացի այդ` ամեն տարի ահազանգում են, որ մեր մշակութային կենտրոնները` թանգարաններ, թատրոններ, ցուցասրահներ, մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, անգամ` վերանորոգումից հետո ոչինչ չի փոխվում. տեսնես սա մշակութայի՞ն հարց է, թե՞ կասեք` քաղաքաշինության նախարարությանը պետք է դիմենք:

Քանի-քանի պատմամշակութային շինություններ քանդվեցին` Ձեր լուռ համաձայնությամբ, միջամտել չէի՞ք կարող, գոնե ասեիք, որ ձեր սրտով չէ, որ պահպանել է պետք դրանք: Հիմա էլ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն են քանդում ու մշակույթի նախարարությունը շարունակում է չմիջամտել: Ավելին` երբ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հայտարարեց, թե քաղաքաշինության նախարարությունը վերացվում է, և ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե, ընդ որում` մշակութային արժեքների պահպանման լիազորությունը վերցվում է մշակույթի նախարարությունից, օ, մշակույթի նախարարի հոգին փոթորկվեց, և նա խոսեց` ազգային մշակույթի շահերից ելնելով. «Քաղաքաշինության խնդիրները դնել մի կառույցի մեջ  պատմամշակութային հուշարձանների հետ` նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը: Ես խնդրում եմ հաշվի առնել իմ ահազանգը` մեր ազգային մշակույթի շահերից ելնելով, խնդրում եմ, որ այս հարցը լրջագույնս քննարկվի»:

Տիկի’ն նախարար, մեր ազգային մշակույթի շահերը երբվանի՞ց սկսեցին մտահոգել Ձեզ. 10 տարի է` նախարարի պաշտոնում եք, այսքան ժամանակ եղե՞լ են դեպքեր, որ մշակույթի գործիչները հավաքվեն, գան ու ասեն, թե` կեցցեք, այսինչ բանը որ արեցիք մշակույթի ոլորտում, մենք Ձեր կողքին ենք, ինչքան էլ դժվար լինի, միասին կհասնենք արդյունքի: Դուք ոչ միայն մեզ, այլ նաև ձեզ եք խաբում. երկրի արվեստագետների մեծ մասը թողնում-գնում է երկրից` միջավայրը նեղ է, համապատասխան մթնոլորտ չկա, իսկ մնացողներին չեք էլ գնահատում, գնահատել ասելով էլ` միայն կոչում տալն ու ծնունդից մահ խոսք հղելն եք հասկանում…

Տիկի’ն նախարար, բա՛վ է, մենք միջոցառումների վերածելու մշակույթ չունենք: