Ռուսաստանը Ադրբեջանին «Իսկանդեր» չի վաճառի.Եվսեև

vlad-thumb

ՀՀ Զինված ուժերում «Իսկանդերի» առկայությունը հավասարակշռում է Հայաստանի ու Ադրբեջանի շանսերը ռազմական դաշտում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նա նշեց, որ Ադրբեջանում «Իսկանդեր» չկա ու չի էլ կարող լինել, որովհետև երբևէ որևէ պետություն Ադրբեջանին «Իսկանդեր» չի վաճառի:

– Այսօր Հայաստանը տոնում է անկախության 25 ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ Զինված ուժերը ռազմական շքերթ անցկացրին, որի ժամանակ ներկայացվեց «Սմերչ», «Իսկանդեր» տեսակի զինտեխնիկա: Նման համալրումն ինչի՞ մասին է վկայում:

– Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանն ի վերջո կատարեց 200 միլիոն վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ու պայմանագրով նախատեսած զենքերը մատակարարեց Հայաստան: «Իսկանդերը», ըստ էության, զսպող զինտեխնիկա է, որը պետք է զսպի ադրբեջանական ագրեսիան: «Իսկանդերը» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր է, որը հնարավորություն է տալիս դիմադրել օդային հարձակումները: «Իսկանդերը» դիպուկ հարվածներ է տալիս ու բացի դրանից Ադրբեջանում այն որսալ չեն կարող: Այս տեսանկյունից ՀՀ համար առանցքային է «Իսկանդերի» առկայությունը զինված ուժերում:

Նման զինտեխնիկայի համալրումը հավասարակշռում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև: Սա բալանսավորում է Հայաստանի ու Ադրբեջանի շանսերը ռազմական դաշտում: Հիմա, մենք ունենք իրավիճակ, որ բալանսը ապահովվել է:

– Ադրբեջանի ԶՈՒ-ում «Իսկանդեր» չկա՞:

– Ոչ, չկա ու չեմ էլ կարծում, թե որևէ մեկը Ադրբեջան երբևէ «Իսկանդեր» մատակարարի:

– Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքած նոր ռազմական պայմանագրերի շրջանակներում «Իսկանդեր» կամ այլ տեսակի հզոր տեխնիկա վաճառի:

– Ոչ, Ռուսաստանը «Իսկանդեր» չի մատակարարի: Ադրբեջանում «Սմերչ» կա, դա բավարար է: Չեմ կարծում, թե Ռուսաստանը նույն բանը կմատակարարի Ադրբեջանին: Վստահ եմ, որ ՌԴ-ում ավելի մանրակրկիտ կվերաբերեն ադրբեջանական կողմին մատակարարվող զինտեխնիկայի հարցում:

 

Comments

comments