Սերժ Սարգսյանը ` «Ամենակարող երգիչ» հաղորդման մասին

default

Սեպտեմբերի 27–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ հեռուստատաըկերություն այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերության ղեկավարության հետ զրուցել է նաեւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նոր հաղորդման մասին, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել դրանում հնչող անորակ երաժշտության պատճառով:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ եւ այլ ժանրերի երաժշտություն, եւ եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից,հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության Նախագահը կարեւորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող եւ վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը:

Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները եւ ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին: