Դաշինք ձեւավորելու ծրագիրը չկայացավ. «Հրապարակ»

IMG_4117Ծառուկյանի՝ քաղաքականության փակված էջի «պաշտոնական» բացման արարողությունը՝ ԲՀԿ-ի 9-րդ համագումարը, օդում կախված թողեց Ծառուկյանի քաղաքական հայտի, պլանների, ծրագրերի հետ կապված բազում հարցեր։ Միջոցառման սկիզբը, սակայն, խոստումնալից էր, կազմակերպիչները մանրակրկիտ հոգացել էին բոլոր ատրիբուտների հարցը, մարզահամերգայինի մուտք տանող ճանապարհը պատվել էր կարմիր գորգով, դահլիճի վերին եւ ստորին օթյակների ժողովրդին ապահովել էին Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներով, որոնք երկար շարասյունով ձգվում էին համալիրի պատերի տակ, դահլիճն էլ լեփ լեցուն էր, ինչպես նախկինում։  Ավելին՝ ՀՀԿ համագումարներից տարբերվելու մասին էլ էին մտածել, լրագրողներին ոչ թե օթյակում էին տեղավորել, այլ դահլիճում՝ կուսակցականների ու հյուրերի շարքում, Ծառուկյանն էլ Սերժ Սարգսյանի պես չէր տեղավորվել բեմում, նա շքախմբով դահլիճ մտավ, երբ ազդարարվեց համագումարի սկիզբը, ու բոլորը ծափողջույններով հոտնկայս դիմավորեցին արքայի վերադարձը։ Գագիկ Ծառուկյանը բազմեց դահլիճի մեջտեղի հատվածում ԲՀԿ ակտիվին հատկացված շարքում եւ սառը հայացքով էր հետեւում ՎՊ արդեն պաշտոնաթող նախագահ Իշխան Զաքարյանին, որը միջոցառման հաղորդավարն էր ու առանձնակի ոգեւորությամբ էր անցկացնում Ծառուկյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում վերընտրվելու ձեւական արարողակարգը։ Ծառուկյանի դեմքին իր մշտական ժպիտը հայտնվեց միայն այն ժամանակ, երբ նրան, արդեն որպես վերընտրված նախագահ, բեմահարթակ հրավիրեց Իշխան Զաքարյանն ու փարվեց Ծառուկյանի կրծքին։ Բոլորը շունչները պահած սպասում էին, թե ինչ նոր բան կասի Ծառուկյանը, այնպիսի բան, որը չէր ասվել նախկինում ու պիտի ասվեր երեկ՝ քաղաքականությունից հարկադրաբար հեռանալուց ու վերադառնալուց հետո։ Բայց ստացվեց այնպես, ինչպես ՀՀԿ-ի մոտ, նա իր բոլոր «դժբախտությունների» համար մեղադրեց լրագրողներին, ելույթի ընթացքում էլ պարբերաբար հիշում էր չորրորդ իշխանության ներկայացուցիչներին։ Նորից անդրադարձավ 2015-ի դեպքերին եւ կրկնեց նախկին խոսքերը, թե ինքը չէր կարող ժողովրդին տանել արյունահեղության՝ վտանգի տակ դնելով Արցախն ու Հայաստանը։ «Պարզ է՝ մեր լրատվական ծառայությունները միշտ էլ ցանկացել են խառնել. «Տեսեք՝ պայմանավորված են, տեսեք՝ այսպես»… ես ուզում եմ ասել, որ ամենակարեւորը՝ տեսեք, 2015 թվականին ինչ կատարվեց, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, Ծառուկյան Գագիկը եթե քայլ է կատարել, ոչ պաշտոնի համար, ոչ դիրքի, ոչ ունեցվածքի, Աստծու կամոք ամեն ինչի հասել եմ»,- ասաց նա՝ նշելով, որ մարդը պետք է բարի լինի, կամեցող, գթասիրտ, եւ դրա շնորհիվ «Աստված բացում է փակ դռները»: Դրա փոխարեն նա հետեւություններ էր արել Սերժ Սարգսյանի դիտողություններից եւ համագումարի ելույթը ոչ թե կարդում էր, այլ հանպատրաստից ելույթ ունենում։ Հիշեցնենք, որ փետրվարյան հանրահայտ ելույթում, ի թիվս այլ վիրավորանքների, Սերժ Սարգսյանը նկատել էր․ «Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միեւնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՞ ինչպես միշտ»։ «Չեմ նախապատրաստվել, որ ինձ այսօր նյութեր ներկայացնեն, որ ես նայեմ՝ ինչը ոնց, որը փոխեմ, այլ անմիջապես տեսնելով ձեզ, ու ինչ որ մենք կարող ենք անել, ու ինչ որ ես կարող եմ անել: Թող մեր հարգարժան լրագրողները դա լիարժեք գրանցեն, պահեն, պահպանեն եւ հաճախակի կարող են լրատվական ծառայություններով ցույց տալ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։ Ծառուկյանը խոսեց ամեն ինչի մասին՝ հիասթափության, արտագաղթի, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ֆինանսական խնդիրների, կուտակայինի, ավտոկայանատեղիների, արագաչափերի, տուգանքների ու նման այլ թեմաների մասին։ Սակայն ոչ մի խոսք չասաց, թե ով կամ ովքեր են այդ իրավիճակի պատասխանատուները, դեռ ավելին՝ շեշտեց, որ չի ընդունելու հեղափոխական կոչերը, խոստացավ, որ ինքն ու իր թիմն, խոստացավ, որ ինքն ու իր թիմն այդկերպ չէին անի, օրինակ՝ գյուղատնտեսական վարկերը ոչ թե 30, այլ 1 տոկոս կդարձնեին, արագաչափերն ու տեսախցիկները կթողնեին, որ «հանցագործություն» չլինի, բայց տուգանք չէին վերցնի, կուտակայինի համար գումար գանձելու փոխարեն կբարձրացնեին թոշակները։ Մի խոսքով՝ հրաշալի նախընտրական ելույթ, սակայն տեղ-տեղ խոսքի տրամաբանությունն անհասկանալի էր։ Օրինակ, անվերջ թվարկում էր երկրում առկա ծանր խնդիրները, տարբեր համեմատություններ էր անում, որ ցույց տար՝ ապրել այլեւս հնարավոր չէ, բայց հանկարծ դիմեց դահլիճին՝ համոզմունքով, որ բոլորն են Դուբայ գնացել. «Դուբայ երեւի բոլորդ էլ գնացել եք, 25 տարի առաջ միայն անապատ էր: Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց, մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք»։ Իսկ Երեւանում ավտոկայանատեղիների, արագաչափերի եւ տուգանքների մասին խոսքը տպավորիչ դարձնելու համար պատմեց, թե ինչպես էր «տաքսիստը քշում իր վրա»։ Երբ ինքն ասել է՝ «ընգեր ջան, ի՞նչ եղավ», տաքսիստը պատասխանել է․ «Վա՜յ, պարոն Ծառուկյան, կներեք, կներեք: Գիտե՞ս ինչ, ասում ա, մտքերի մեջ էի, չգիտեմ էսօր ինչ եմ անելու, առավոտից իրիկուն քշում եմ, միամիտ հեռախոսով խոսում էի, բայց ոնց որ տուգանքի տակ եմ»։ Երկար ելույթի ընթացքում նա չխոսեց իր քաղաքական ծրագրերի, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին, մինչդեռ շաբաթներ առաջ՝ իր վերադարձի ելույթում հայտնել էր լայն դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին։ Ստացվեց, որ Ծառուկյանը տեղի տվեց կուսակիցների հորդորներին, թե պետք չէ «անկշիռ» ուժերի բեռ անել, կցել ու տանել խորհրդարան։ Ի դեպ, այս մարտավարության հեղինակ Նաիրա Զոհրաբյանն իր վրա էր վերցրել հեղափոխական կոչ անելու առաքելությունը։ «Առաջիկա ընտրությունների քաղաքական արժեքը շատ բարձր է: Այսպես չի կարող շարունակվել: Թույլ չենք տալու ժողովրդի հետ: No pasaran»,- Ծառուկյանից առաջ իր ելույթում հայտարարել էր նա: Ի դեպ, երեկվա համագումարին, ինչպես եւ սպասվում էր, ներկա չէին նախկին եւ պոտենցիալ դաշնակիցները՝ հնչակների ատենապետ Նարեկ Գալստյանը, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, փոխարենը հրավիրվածների առաջին շարքերում էր Տիգրան Ուրիխանյանը։ Ներկա էր նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը, ով չցանկացավ պատասխանել մեր հարցերին, Հովիկ Աբրահամյանի որդին եւ Ծառուկյանի փեսան՝ Արգամը, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Մուշեղ Սաղաթելյանը եւ այլք։ Ծառուկյանի ցուցակն արդեն գծագրվում է,գրում է «Հրապարակ»-ը;

Comments

comments