ԱՄՆ- ի նետած ձեռնոցն ընդդեմ Իրանի

images

ՙՙՀրապարակ՚-ը գրում է .՚

Օրեր առաջ ամերիկյան հեղինակավոր «The Wall Street» պարբերականը, հղում անելով իր մերձավորարեւելյան աղբյուրների վրա, տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն նոր կոալիցիա է ստեղծում Իրանի դեմ։ Իրականում չի բացառվում, որ տեղեկության արտահոսքը եղել էր Թրամփի ադմինիստրացիայից, քանի որ վերջինս անընդհատ մեղադրում է իր աշխատակազմին տեղեկատվական արտահոսքերի համար։ Չի կարելի նաեւ անտեսել այն հանգամանքը, որ տեղեկությունը տարածվեց Թրամփ-Նետանյահու սպասվող հանդիպմանը զուգընթաց։ Ըստ տեղեկությունների, հակաիրանական կոալիցիան բաղկացած է լինելու ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Հորդանանից։ Ակնհայտ է, որ Իսրայելը նույնպես կլինի դաշինքի անդամ եւ կոալիցիային կտրամադրի հետախուզական բնույթի տեղեկատվություն։ Այս հարցում Իսրայելը, իհարկե, անգերազանցելի է։  Եթե իրավիճակը դիտարկենք ԱՄՆ տեսանկյունից, ապա ունենք հետեւյալ պատկերը։ ԱՄՆ նախագահ Թրամփը եւ պաշտպանության քարտուղար Մատտիսը բազմիցս հայտարարել են, որ Իրանն ահաբեկիչներին պետական մակարդակով աջակցող պետություն է։ Միաժամանակ, Թրամփը պնդում է, որ Իրան-ԱՄՆ պայմանավորվածությունները չեն բխում ԱՄՆ շահերից եւ պետք է Իրանի միջուկային ծրագրի շուրջ սկսել բանակցային նոր՝ առավել խիստ գործընթաց։ Թրամփ-Նետանյահու համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի նկատմամբ քաղաքականության հարցը կրկին բարձրացվեց։ Երկու կողմերն էլ հաստատեցին իրենց դիրքորոշումն առ այն, որ Իրանը դիտարկում են որպես սպառնալիք։ Միաժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ սանկցիաների նոր փաթեթ է նախապատրաստում։ Օրեր առաջ հոդվածներիցս մեկում շարադրել էի այն միտքը, որ Իրանի հետ հարաբերությունները կարգավորման լուրջ հեռանկար չունեն, ավելին՝ այստեղ պետք է որոշակի էսկալացիա տեղի ունենա։ Իրականում Թրամփ-Նետանյահու համատեղ ասուլիսը բավականին շատ տեղեկություններ տրամադրեց ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչի մասին բոլորի պատկերացումները շատ ընդհանրական են։ Այս առումով ասուլիսը բավականին սպասված էր եւ հետաքրքիր։ Այսուհանդերձ, Իրանի համար հանրապետական վարչակազմի պարագայում հեշտ օրեր չեն սպասվում, ինչին մեր հարեւանը, մեծ հաշվով, սովոր է։ Եթե իրավիճակը դիտարկենք Իրանի տեսանկյունից, ապա ունենք հետեւյալ պատկերը։ Իրանում շատ լավ գիտեն, որ Թրամփն ունի ընդգծված իսրայելամետ դիրքորոշում, դժգոհ է Իրանի հետ ձեռք բերված Օբամայի պայմանավորվածությունից եւ պատժամիջոցները հանելու մտադրություն չունի։ Իրանը բավականին հանգիստ է վերաբերվում նման իրավիճակին, քանի որ այն իր համար սովորական է դարձել։ Միաժամանակ Թեհրանն ակտիվ քայլեր է ձեռնարկում սպասվող պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար։ Մասնավորապես, Իրանն սկսել է ակտիվ բանակցել ԵՏՄ անդամ պետությունների հետ՝ առեւտրային հատուկ ռեժիմ սահմանելու համար։ Նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցավ ՌԴ-Իրան-Ադրբեջան նախագահների եռակողմ հանդիպումը, որով ազդարարվեց երեք պետությունների միջեւ առեւտրաշրջանառության զարգացմանը միտված գործողությունների մի ամբողջ փաթեթ, որում Ադրբեջանը դառնալու էր տարանցիկ պետություն։ Այս ձեւաչափը նախատեսում էր ցամաքային տարածքով բեռների առավել արագ տեղափոխում Ռուսաստանից Իրան եւ հակառակը։ Սա Իրանի համար չափազանց կարեւոր՝ կենսական նշանակություն ունեցող ծրագիր է, քանի որ Իրանն արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար պետք է օգտագործի բոլոր հնարավոր տարբերակները, իսկ ԵՏՄ-ն էլ Իրանի համար սահմանափակ հնարավորություններից մեկն է։ Եթե իրավիճակը դիտարկենք Հայաստանի տեսանկյունից, ապա ունենք հետեւյալ պատկերը։ Բառացիորեն վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են վարում Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման հնարավորության շուրջ։ Եթե բանակցությունները դրական ավարտ ունենան, նշանակում է, որ հնարավոր կլինի ստեղծել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը, որը նախ այլընտրանք կլինի Իրան-Ադրբեջան-Ռուսաստանին, հետո էլ Հայաստանի համար առավել մատչելի եւ ապահով ցամաքային կապ կհաստատի Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, Հայաստանն այս պարագայում դառնալու է տարանցիկ պետություն։ Այս առումով Հայաստանը պետք է իր հնարավորությունների շրջանակներում աջակցի հարեւան Վրաստանին եւ Ռուսաստանին՝ երկաթգիծը վերաբացելու համար։ Վերադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ պետք է արձանագրել, որ, ի տարբերություն Օբամայի, Թրամփը ոչ միայն չի հանում դեռեւս գործող պատժամիջոցները, ոչ միայն խստացնում է դրանք, այլեւ լուրջ քաղաքական կոալիցիա է ձեւավորում Իրանի դեմ՝ ներգրավելով արաբական աշխարհի ամենահարուստ պետություններին։ Այս կոալիցիայի քայլերի հաջորդականությունը դեռեւս պարզ չէ, սակայն պետք չէ մոռանալ, որ նման դաշինքի փորձ ԱՄՆ-ն արդեն իսկ ունի Իրաքում։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ Թաֆթսի համալսարան