Րաֆֆի Հովհաննիսյանը նետվեց ՌԴ-ի գիրկը՝ միանալով Օհանյան-Օսկանյան դաշինքին:

c6001b0a20e27768956db462db773c92-472x265

1in.am-ը գրում է.

Քաղաքական դաշտի ու հանրության համար զարմանալի էր, թե ինչու հանկարծ Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Ժառանգություն» կուսակցությանը տարավ Ռոբերտ Քոչարյանի կողմից վերահսկվող Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը: Եթե, իհարկե, նա ողջ կուսակցությանն է տարել այնտեղ և ոչ թե պարզապես մի քանի հոգու համար դաշինքի նախընտրական ցուցակում տեղ ապահովել: Չէ որ այդ դաշինքին միանալուց հետո կուսակցությունը լքեց վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ կուսակցության մի խումբ անդամներ դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե այդ որոշումը լեգիտիմ չէ, քանի որ այն կայացրել է լիազորությունները կորցրած վարչությունը: Կուսակցությունը պետք է երկու տարին մեկ անգամ համագումար հրավիրի և նոր վարչություն ընտրի: Իսկ «Ժառանգությունը» վերջին անգամ համագումար հրավիրել է 2014թ․ հունիսին, ուրեմն կուսակցության վարչության լիազորություններն ավարտվել են 2016թ. հունիսին: Այդպիսով՝ ԿԸՀ ներկայացված՝ Ս.Օհանյանի գլխավորած դաշինքի փաստաթղթերում «Ժառանգության» վարչության ներկայացրած այդ որոշումը լեգիտիմ չէ:

Իսկ եթե փորձենք «Ժառանգության» անցած ճանապարհը դիտարկել, ապա կտեսնենք այն նախադրյալները, որոնք այդ կուսակցությանն այսօր հասցրել են Օհանյան-Օսկանյան դաշինք: Ավելորդ է ասել, որ արտաքին քաղաքական ուղղվածության առումով այն կրում է Ռուսաստանի ազդեցությունը: Նախ, Ռ.Քոչարյանն ինքն ամբողջությամբ ՌԴ-ի ազդեցության տակ է գտնվում: Դաշինքի անդամների հարաբերությունները կարգավորող, դաշինքի աշխատանքները համակարգող և դաշինք-Քոչարյան կապը ապահովող՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանից ու ԼՂՀ-ից վտարվելուց հետո հանգրվանել էր ՌԴ-ում, որտեղից ընդամենը ամիսներ առաջ է վերադարձել: Ս.Օհանյանն ինքը ռուսական բանակի սպա է եղել և հիմա էլ համարվում է ՌԴ-ի կադրը: Իսկ Վ.Օսկանյանը տարիներ շարունակ Ռ.Քոչարյանի հետ արտգործնախարար աշխատելով՝ վաղուց է մոռացել արևմուտքի ծնունդ լինելու հանգամանքը: Եվ ուրեմն՝ ծնունդով ԱՄՆ-ից և արևմտյան կողմնորոշում ունեցող Ր.Հովհաննիսյանն ի՞նչ գործ ունի ռուսական ազդեցությունը կրող այդ դաշինքում:

Պարզվում է, մեր վերջին դիտարկումն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եվ եթե Ր.Հովհաննիսյանի գործունեությունը ուսումնասիրենք, ապա կհասկանանք, որ ռուսական ազդեցություն նրա վրա եղել է մինչև «Ժառանգություն» կուսակցության հիմնադրումը՝ դեռևս Ռազմավարական դպրոցի գործունեության սկզբնական ժամանակներից: Այդ շրջանից սկսած, Ր.Հովհաննիսյանն իր գործընկերների մեջ միշտ ունեցել է հստակ ռուսական ազդեցությունը կրող որևէ գործիչ, որն առանցքային ազդեցություն է ունեցել նրա գործունեության վրա: Այս դեպքում, նախ, կարող ենք հիշել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցին, ով հանգրվանել էր Ռազմավարական կենտրոնում: Այնուհետև, կուսակցության հիմնադրումից հետո վերջինիս փոխարինեց Վարդան Խաչատրյանը, ով չորրորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձավ: Այնուհետև, արդեն 2012թ. Ր.Հովհաննիսյանի ցուցակում հայտնվեց «Դաշնակցություն» կուսակցության նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Ռուբիկ Հակոբյանը, ով նույնպես պատգամավոր դարձավ: Բայց եթե Վ.Խաչատրյանի ռուսական ազդեցությունը կամ ռուսամետ գործունեությունն այնքան էլ նկատելի չէր, ապա Ռ.Հակոբյանը հրաժարվեց ավելորդ սեթևեթանքներից: Եվ արդյունքը եղավ այն, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո Ր.Հովհաննիսյանը տիկնոջ հետ մեկնեց Մոսկվա Վլադիմիր Պուտինից արդարություն բերելու համար: Այսքանը թերևս բավարար է, որ մենք հասկանանք՝ Ր.Հովհաննիսյանի արևմտամետ լինելու հարցում սխալվել ենք: Ի դեպ, այդ հարցում կուսակցությունում Ր.Հովհաննիսյանին օգնել են նաև Հովսեփ Խուրշուդյանն ու այժմ Ս.Օհանյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին, ապա միայն ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ նրա հեռակա հայտարարությունները բավական էին հասկանալու համար, որ Արևմուտքը սկսել էր չվստահել Ր.Հովհաննիսյանին ու չէր պաշտպանում որպես նախագահի թեկնածու նրա առաջադրվելու գաղափարը: «Գուցե Ս.Սարգսյանի մրցակիցը՝ Ր.Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»,- նախագահական ընտրություններից հետո՝ 2015թ. մարտի 15-ին հրապարակավ հայտարարել էր Մարտենսը:

Ր.Հովհաննիսյանի պատասխանը չուշացավ: «Եթե նրա պահվածքը Եվրոպա է, ուրեմն այդ Եվրոպան մեզ պետք չէ»,- ընդամենը երկու օր հետո ոչ միայն Մարտենսից, այլ ընդհանրապես Արևմուտքից նեղացած պատասխանել էր նա:

Եվ այդպիսով, ու հենց այդ ժամանակվանից սկսած նրա ու Արևմուտքի միջև առկա սեպն էլ ավելի խորացավ: Եվ դա կարծես թե երկկողմանի է: Արևմուտքն էլ իր հույսը կորցրեց ՌԴ-ից չհրաժարվող իր «դավաճան» զավակից ու ձեռք քաշեց նրանից: Բացի այդ, Ր.Հովհաննիսյանը զայրանալով իշխանությունների վրա, որ նախագահական ընտրություններին չեն թողել, որ ինքը հաղթի, զայրանալով Արևմուտքի վրա, որ նախկինի նման այլևս չեն վստահում ու չեն սատարում իրեն, ըմբռնումով չեն մոտենում իր ռուսամետ խաղերին, արդեն առանց սեթևեթելու նետվեց ՌԴ-ի գիրկը՝ միանալով Օհանյան-Օսկանյան դաշինքին: Այնպես որ Ր.Հովհաննիսյանի այս հանգրվանը թեև մի փոքր զարմանալի էր, բայց ոչ վաղ անցյալի այս փաստերն ուսումնասիրելուց հետո այլևս պատահական չի թվա: