ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը. Աշոտյան

56025_original

ՀՀԿ քաղաքական թիմի այս շրջանի խնդիրն է` ընտրողին հնարավորություն տալ ծանոթանալու իր հեռանկարներին եւ ծրագրերին: Իսկ կուսակցության ծրագիրը հիմնված է լինելու բացառապես ՀՀԿ գաղափարախոսության վրա: Սա չափազանց կարեւոր է, քանի որ բազմաթիվ ուժեր մինչ ընտրությունները հռչակում են այլ արժեքներ, քարոզարշավի ընթացքում առաջնորդվում բոլորովին այլ արժեքներով: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ընտրարշավն իրենց համար մտավոր գրոհ է՝ մարդկանց առաջարկելու կատարել գիտակից ընտրություն, գրում է <<Հայկական ժամանակ>>-ը:

«Մենք այլ որեւէ մրցակից չունենք, քան երկրի առջեւ ծառացած խնդիրները: Մենք մրցում եւ ուզում ենք հաղթահարել Հայաստանում առկա խնդիրները: Այս համատեքստում ընտրությունները մեզ համար կարեւոր են ոչ միայն վերջնական արդյունքներով, այլեւ որակով: ՀՀԿ-ն ուզում է հաղթել ազատ, որեւէ մեկի կամարտահայտությունը չսահմանափակող ընտրություններում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Հանրապետականը նախընտրական շրջանում հաճախ պատահող միջկուսակցական բախումներին՝ Արմեն Աշոտյանը նկատեց՝ իսկապես, լինում են դեպքեր, երբ միեւնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների միջեւ պայքարը դուրս է գալիս թույլատրելի շրջանակներից: Նման դեպքերում, ըստ նրա, կուսակցությունն անշուշտ պետք է միջամտի, սակայն միջկուսակցական միջադեպերը չեն կարող ազդել ընտրությունների վերջնական որակի եւ արդյունքների վրա:

Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծեց՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի լինել Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: «Վարչապետը ոչ ոքի հաճոյանալու կարիք չունի, Կարեն Կարպետյանը չունի նաեւ իմ հաճոյախոսության կարիքը: Այնպես չէ, որ ապավինում ենք միայն նախագահի կամ վարչապետի կերպարներին: ՀՀԿ-ն ընտրությունների գնում է կուռ քաղաքական թիմով, թիմը հստակ պատրաստ է գնալու այս կարեւորագույն քաղաքական իրադարձությանը»,- նշեց կուսակցության փոխնախագահը:

Արմեն Աշոտյանը հատկանշական համարեց, որ նախընտրական շրջանում սոցցանցերում կրկնակի աճել է կեղծ օգտատերերի թիվը, մինչդեռ իրենք շատ լավ գիտեն՝ սեւ քարոզչությունն ով է անում եւ ինչու: «Մենք նման քայլերի չենք դիմում, սակայն տալու ենք բաց պատասխան բոլոր նրանց, ովքեր քաղաքական պայքարը փորձելու են վերածել ստի»,- նկատեց բանախոսը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններին՝ շեշտելով, որ ՀՀ զինված ուժերը մշտապես պատրաստ են արժանի հակահարված տալու հակառակորդին: «Մի բան հաստատ է, Արցախը Հայաստանում անցկացվելիք ընտրությունների ֆոնին աչքաթող չի արվելու: Ադրբեջանը թող նման հույսեր չունենա»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Comments

comments