Ադրբեջանցիները տարել են զինվորների մարմինները.«Հրապարակ»

12924500_592421080927314_2774370760812664732_n-1

«Հրապարակ»-ը գրում է.

Վերջին օրերին նոր լարում է ստեղծվել ԼՂՀ սահմանի երկայնքով։ Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն Արցախի ՊՆ-ն հայտնեց հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման եւ վնասազերծման մասին։ Հակառակորդը, ըստ պաշտոնական աղբյուրների, 5 դիակ ունի, որոնք միայն երեկ է հանել չեզոք գոտուց։ ՊԲ ծառայությունները հայտնում էին ադրբեջանցի զինվորականների անունները, նաեւ տեղադրել էին տեսանյութեր։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց դուրս բերել ծանր տեխնիկան Ղարաբաղի շփման գծից ու թույլ տալ դուրս բերել զինվորների դիակները չեզոք գոտուց։ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սա բացատրեց նրանով, որ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը: Հաջորդ գիշեր, ըստ հայկական պաշտպանական գերատեսչությունների, թշնամին ինտենսիվ կրակահերթեր է արձակել՝ 2 հազարից ավելի կրակոց։  Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ գիշերը «Եղնիկներ» զորամասում է անհանգիստ անցել։ 3 զոհ, 4 վիրավոր մեր կողմից է եղել եւ, նախնական տվյալներով, 8 զոհ՝ հակառակորդի։ ՊՆ-ից այս լուրերը հերքում են։ Ադրբեջանական կայքերն էլ երեկ գրում էին վնասազերծված հայկական դիվերսիայի՝ Թալիշի ուղղությամբ, եւ հայկական կողմի զոհերի մասին։ Մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ սահմանների ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Ռազմական փորձագետները՝ ՀՀ-ից եւ ՌԴ-ից, խոսում են պատերազմի վերսկսման մասին։ Ըստ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, իրավիճակն այնքան վատ չէ, որքան խոսում են։ «Կուտակումներ կան։ Բայց մեր կողմից զգոն են։ Պատերազմը չի բացառվում։ Ալիեւն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի եւ ուզում է ապացուցել, որ պատերազմն իրենց պարտադրված է հայերի կողմից։ Ինչ էլ որ լինի, պետք է հոգեպես պատրաստ լինենք»,- ասաց նա։ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, սակայն, վստահեցնում է, որ պատերազմ առայժմ չի լինի։ «Արցախպրես» գործակալությանը նա երեկ ասել է․ «Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն»։ Արցախում վերջին երեք օրվա լարումները կապում են նաեւ Մեհրիբան Ալիեւայի՝ առաջին փոխնախագահ նշանակվելու հետ։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ալիեւին «պադկաբլուչնիկ» է անվանում։ Երեկ մեր հարցին պատասխանելով, թե վերջին օրերի դեպքերն ունե՞ն արդյոք քաղաքական բովանդակություն, նա ասաց․ «Քաղաքական բովանդակությունը միանշանակ է։ Պարզապես դա քաղաքական այլ խնդիրների հետ է կապված եւ Ադրբեջան պետության էությանն է առնչվում։ Լինելով ահաբեկչական, ֆաշիստական պետություն՝ Ադրբեջանը չի կարող այլ քաղաքականություն վարել։ Պատմության մեջ չի եղել մի նախադեպ, որ ֆաշիստական երկիրը հիմնված լինի մարդասիրական մոտեցումների, միջազգային իրավունքի նորմերի վրա։ Բացի դա, կան որոշ զարգացումներ, որոնք ավելի են առիթավորում այդ պահվածքը։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետությունն ընտանեկան բիզնես դարձավ, դե յուրե սեփականաշնորհվեց ալիեւյան կլանի կողմից։ Իսկ մահմեդական երկրում սա տեղիք է տալիս ենթադրելու, որ Ալիեւը «պադկաբլուչնիկ» է, չի կարողանում կնկա վրա, համեմատում են նրան նրա հոր հետ, որ ապացուցի, որ ինքը երկրի եւ Մեհրիբանի տերն ու տիրակալն է, նա ահաբեկչական գործողություների է գնում»։ Ադրբեջանցիների՝ դիակները չեզոք գոտուց ուշ հանելը ԼՂՀ նախագահի խոսնակը բացատրում է այսպես․ «Գոյություն ունի դիակների դուրսբերման կարգ, երբ բանակցություններ են վարվում բանակների, Կարմիր խաչի, ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությամբ։ Դիակները գտնվում էին չեզոք գոտում, ինչն ապացուցում է, որ հարձակվողն իրենք են եղել»։ Այս փաստը թաքցնելու համար ադրբեջանցիները հայտարարել էին, որ դիակներն իրենց հսկողության տարածքում են։ «Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ են այդքան օր պահել դիակները։ Դա հիվանդագին փաստարկ է, կա տեսանյութը, ամեն տեսակի կոորդինատները նշված են եւ ապացուցված»։ Ի դեպ, դիակներն առանց զենքի են եղել, ինչը նշանակում է, որ ընկած ադրբեջանցիների ընկերները նրանց զենքը վերցրել են ու փախել։ Ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանում հանրային ճնշումները թափ են ստացել․ «Ժողովրդի մոտ կա խուճապային տրամադրություն, բազմաթիվ զոհերի մասին են խոսում»։ Հայաստանում եւս վերջին երկու-երեք օրը պատերազմի մասին են խոսում։ Կարելի՞ է վերջին լարումը համեմատել ապրիլյան պատերազմի հետ։ ԼՂՀ պատգամավոր, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Ռուսլան Իսրայելյանը պատասխանում է․ «Զուգահեռներ անցկացնելը դժվար է, իրավիճակն այն ժամանակ այլ էր, հիմա այլ է, բայց նմանություն կա բոլոր դեպքերում։ Արցախում տրամադրությունը նույնն է, ինչպես միշտ։ Մենք պատերազմի միշտ էլ պատրաստ ենք։ Եթե պետք եղավ կռվել, կկռվենք»։ Նյութի աղբյուրը ` hraparak.am