ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ

237978827

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերականգնել առարկայական բանակցությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է tert.am-ը:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների մասին վերջերս ստացված հաղորդագրություններով»,- ասել է նա:

Դյուժարիկը նշել է նաև, որ Գուտերեշն ամբողջությամբ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը:
Բացի այդ, գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ընդգծել է, որ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել հրադադարի մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերականգնել առարկայական բանակցությունները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: