ԱՊՀ դիտորդ. Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են

71_7597.thumb

«Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են, բարձրանում են արդար մրցակցության երաշխիքները, ընտրական գործընթացն ավելի ժողովրդավարական են դարձնում»,- Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին  դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական  առաքելության  ներկայացուցիչ, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր  Գումինսկին:

Նա հավելեց, որ բավականին տարբերվում է այս օրենսգիրքը նախորդից, բարդ է. «Բայց կարծում ենք, եթե այս համակարգը ստացվի, իսկ մենք կողմնակից ենք, որ ստացվի, կլինի ավելի թափանցիկություն, ընտրություններն ավելի ժողովրդավարական, կուսակցությունների, դաշինքների միջև արդար մրցակցությունն ավելի երաշխավորված»:

Դիտորդի խոսքով, իրենք հասկանում են, որ առաջիկա ընտրությունը  Հայաստանի կյանքում շատ կարևոր քաղաքական պահ է, ընտրությունների արդյունքներից կախված է լինելու երկրի հետագա ընթացքն այս կամ այն ուղղությամբ. «Մենք ցանկանում են Հայաստանին ընտրել այնպիսի ուղի, որը կապահովի հասարակության մեջ կայունություն, առաջ կմղի Հայաստանին»:

Վիկտոր  Գումինսկին ասաց, որ իրենց՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել է ՀՀ վարչապետը: Առաքելության շտաբ-բնակարանն արդեն երեկվանից գործում է Երևանում:  Դիտորդական առաքելության կազմում կլինի 150-180 անդամ ԱՊՀ երկրներից, 20-ը կլինեն երկարաժամկետ, մնացածը դիտորդական առաքելությունը կսկսեն ընտրություններից  2-4 օր առաջ:  Առաքելությունը դիտորդներ կունենա բոլոր ընտրատեղամասերում, փոխանցում է panorama.am-ը:

Հարցին, թե  ԱՊՀ անդամ երկիր Ադրբեջանից նույնպե՞ս դիտորդներ ընդգկվելու են առաքելության կազմում, նա պատասխանեց, որ Հայաստանի վարչապետից հրավեր ստանալուց հետո, ըստ կարգի, հրավերներ են ուղարկել ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարություններ. «Այսօրվա դրությամբ հաստատել են և արդեն դիտորդների գրանցման հայտեր ենք ստացել Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից:

«Մեր սկզբունքն է՝ քաղաքական չեզոքություն, չխառնվել ընտրական գործընթացին, անկախ պետության ներքին գործերին: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր գնահատականները հիմնված են բացառապես նրա վրա,  թե ինչ են տեսել մեր երկարաժամկետ, կարճաժամկետ դիտորդներն ընտրությունների նախընտրական շրջանում, ընտրությունների օրը, նաև Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության, պետական մարմինների տեղեկատվության հիման վրա»,- ասաց Վ. Գումինսկին՝ հավելելով, որ արդեն ընտրությունների հաջորդ օրը իրենք կներկայացնեն իրենց գնահատականը:

Նա նշեց, որ առաքելությունը սերտ կհամագործակցի ԶԼՄ-ների հետ, պարբերաբար կտարածեն հաղորդագրություններ, կհանդիպեն լրագրողների հետ:

Հարցին, թե արդեն արձանագրե՞լ են խախտումներ քարոզարշավի ընթացքում, Վ. Գումինսկին ասաց, որ իրենց շտաբ-բնակարանը երեկ է բացվել, բայց հետևելով ԶԼՄ-ներին, դեռևս էական խախտումներ  չեն դիտարկվել: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչը նաև ասաց, որ տեղյակ չէ Արմավիրի  մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին, չի լսել այդ դեպքի մասին, այդ իսկ պատճառով չի կարող մեկնաբանել:

Նշենք, որ նախքան լրագրողների հետ հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: