Արամ Սաֆարյան. ԱԺ ընտրությունների ֆավորիտները ռուսամետ ուժերն են

tertՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևորագույն իրադարձություն է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում և արտահայտում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակը, վստահելի մակարդակը և մեծ պոտենցիալը, որով կարող է զարգանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով ՀԿ կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, որը նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ հայ հասարակության մոտեցումներին, փոխանցում է VERELQ-ը:

Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի ազգաբնակչության շրջանում բոլոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ոչ պակաս, քան 70 տոկոսը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ, պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը և ակնկալում է ՀՀ իշխանություններից հայ-ռուսական հարաբերությունների զարգացում.
«Մենք կարող ենք պնդել, որ մեր հասարակության մեծամասնությունը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի զարգացման օգտին և աջակցում է ՀՀ այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս այդ հարաբերությունների զարգացման և խորացման օգտին»,- նշեց նա:
Կարեն Կարապետյանի կառավարությունը օգտվում է ՌԴ քաղաքական էլիտայի և ռուս գործընկերների համակողմանի աջակցությունից: Այս համոզմունքին են եկել Երևանում և Մոսկվայում հայ և ռուս քաղաքական, դիվանագիտական, հասարակական գործիչների հետ հանդիպումների արդյունքներով և, շեշտեց Սաֆարյանը, համոզված են, որ վարչապետի կառավարությունն է այն լուրջ օղակը, որը մոտակա շրջանում հանդես է գալու ՀՀ տնտեսության վիճակի բարելավման և դրանում Ռուսաստանի մասնակցության՝ ի դեմս ՌԴ ուղղակի և անուղղակի ներդրումների ծավալի մեծացման օգտին:
«ՀՀ բնակչության 90 տոկոսը երկրի տնտեսության բարելավման հնարավորությունը կապում է ուղղակիորեն կառավարության գործունեության հետ և սպասում է, որ ՀՀ իշխանությունը, պետությունը ուղղակիորեն ներգրավվելու է տնտեսության զարգացման գործին, առաջ է տանելու տնտեսության պոտենցիալի մեծացման հարցը, փնտրելու և գտնելու է արտերկրում ներդրողներ, գործընկերներ և դրանով բարելավելու է երկրի ու բնակչության մեծ մասի վիճակը: Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի գործունեության այն կողմը, որն ուղղված է առաջին հերթին ՌԴ-ում ներդրողներ և գործընկերներ գտնելուն արտահայտում է ՀՀ բնակչության այդ սպասելիքը»:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավարը առանձնացրեց երեք հիմնական քաղաքական ուժերի, որոնք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, ամրապնդման և խորացման գործում լուրջ ներդրում ունեն: Նրա խոսքով, ՌԴ հետ զարգացման, ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի հետ շրջանակներում համագործակցության օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր, բայց այդ ուժերից գլխավորը, որն իր վրա անցած տասնամյակում կրել է հայ-ռուսական բարեկամությունը առաջ մղելու հարցը իշխող կուսակցությունն է՝ ՀՀԿ-ն:
«Հանրապետականն է, որ խորհրդարանում, ՀՀ հասարակական և քաղաքական դաշտում վերջին տասը տարում առաջ է տանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հնարավորությունը, սերտ հարաբերություններ ունի ՌԴ իշխող՝«Единая Россия» կուսակցության հետ»:
Համաձայն հետազոտության, երկրորդ քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը 2007 թվականից համագործակցության համաձայնագիր ունի ՌԴ իշխող կուսակցության հետ: Սաֆարյանի խոսքով՝ չնայած նրան, որ դաշինքում ներկայացված գործիչները, որոնք ներդրում ունեն ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման գործում շատ են, բայց հարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է Գագիկ Ծառուկյանին.
«Նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ, նրա հետ կան հարաբերություններ»,-ասաց ՀԿ նախագահը: Իսկ երրորդ քաղաքական ուժը, ըստ նրա, «Հայ ազգային կոնգրեսն» է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: Հենց նրա օրոք է, որ 90-ականներին հիմք է դրվել հայ-ռուսական համագործակցության ընդհանուր մթնոլորտին՝ և՛ ԱՊՀ ստեղծման համաձայնագիր, և՛ հայ-ռուսական հիմնարար փոխօգնության և բարեկամության մասին պայմանագիր, և՛ 102-րդ ռազմաբազայի ստեղծման մասին համաձայնագիր, և՛ ՀԱՊԿ-ի ստեղծման մասին հիմնարար համաձայնագիր:
Ի դեպ, քաղաքական դաշտում այլ կուսակցություններ ևս կան՝ մեծ ու փոքր, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու խորացման օգտին, կան նաև այնպիսիք, որ փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունների հարցը՝ մանևրելով ՌԴ և Արևմուտքի միջև։
Հետազոտությունը անդրադառնում է նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենացավոտ հարցերից մեկին՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Սաֆարյանի խոսքով՝ այդ հարցը շատ ցավոտ է հայ հասարակության համար և մշտապես բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում:
«Հայտնի է մեր ռուս գործընկերների պատասխանը այս հարցի կապակցությամբ, որ ավելի լավ է այդ զենքը վաճառվի Ռուսաստանի կողմից, քան այն երկրների, որոնց հետ գործընթացները հնարավոր չէ վերահսկել: Բայց ես կարծում եմ այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Արցախի պաշտպանության խնդիրը մեր ու միայն մեր հարցն է՝ հայ ժողովրդի միասնության, նրա հավաքական ուժի ուհամարձակ պահվածքի գործն է: Եթե մենք զանազան պատրվագներով սկսենք հարաբերություններ փչացնել մեր բոլոր գործընկերների հետ՝ մենք մենակ ենք մնալու, իսկ դա շատ վտանգավոր գործընթաց է»,- ասաց նա:
Բայց միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ այն խորհրդարանական ընտրություններից հետո էլ ՀՀ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում կմնա և կշարունակի բարձրաձայնվել ռուս գործընկերների հետ հարաբերություններում: Ավելին՝ բանախոսի խոսքով, հայ հասարակությունը գիտի, որ հայ-ռուսական հարաբերություններում կա այդպիսի դժվարություն, բայց այդուհանդերձ 2009 թվականից սկսած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության առավելագույնը 82 տոկոսը, նվազագույնը 70 տոկոսը սատարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և պաշտպանելու դիրքերը:
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները այլընտրանք չունեն: Աշխարհում չկա այլ ուժային բևեռ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի հետ հարաբերությունների այս ամբողջ բեռը և հանդես գալ որպես Հայաստանի ռազմա-քաղաքական հովանավոր»,- հավելեց բանախոսը: