Եվրոպացիների հետ վարվելու ենք այնպես, ինչպես վարվում են ավազակների հետ. Էրդողան

f58d254b1ca28c_58d254b1ca2ca.thumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և հայտարարել, որ եվրոպացիների հետ կվարվեն այնպես, ինչպես վարվում են ավազակային խմբերի անդամների հետ, գրում է թուրքական haberler.com կայքը:

«Դու դուռ ես փակում Թուրքիայի նախագահի, նախարարների առաջ: Ասում ես, որ Նիդեռլանդների կողքին ես, որոնք իրենց հեծյալ ոստիկաններին քշում են իմ քաղաքացու վրա: Եվրոպացիները մեր առաջ եթե դիմակավորված են դուրս գալիս` մենք էլ նրանց հետ որոշել ենք վարվել այնպես, ինչպես ավազակների հետ են վարվում», – ասել է Էրդողանը:
Անդրադառնալով գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, որը կալանավորվել է Թուրքիայում, Էրդողանն ասել է, որ Յուջելը նաև Թուրքիայի քաղաքացի է, և իրենք չեն խառնվի նրա դատական գործին, քանի որ Թուրքիայում «դատական համակարգն անկախ է»:

«Ես քեզնից 4500 քուրդ ահաբեկիչ ուզեցի, տվեցի՞ր: Ասում է` դատարանը հարցն ուսումնասիրում է: Հիմա մեզ մոտ երկքաղաքացի լրագրող կա, ասում ես` տվեք: Դե մեզ մոտ էլ է դատարանն ուսումնասիրում: Մեզ մոտ դատական համակարգն անկախ է, մենք չենք կարող խառնվել: Դատարանը որոշում է կայացրել և կալանավորել է: Գործընթացն այսպես էլ կշարունակվի: Դու Նիդեռլանդների կողքի՞ն ես, ես էլ իմ ժողովրդի կողքին եմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին, փոխանցում է tert.am-ը:

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ: