ՕՐՕ դաշինքի հայտարարությունը. Սամվել Բաբայանի գործը քաղաքական ենթատեքստ ունի

3aba929d501b493e1dea25f307b5bd33

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջներդներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը համատեղ հայտարարություն են տարածել Սամվել Բաբայանի ձերբակալության կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտՍամվել Բաբայանը։ Իշխանությունների այս քայլը կանխատեսելի էր։ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպես նաև դաշինքի շտաբների և պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածելու և խոչընդոտելու մեր աշխատանքները։

Այսօր արդեն անցել են այլ մեթոդների։ Ուշագրավն այն է, որ որոշ գործիչների միջոցով, ինչպես նաև բացահայտ և քողարկված իշխանամետ լրատվամիջոցներով, օրեր շարունակ նախապատրաստվում էր Սամվել Բաբայանի դեմ քայլը։ Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելուն և ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ, փոխանցում է Verelq.am-ը:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է իր բնականոն աշխատանքները։ Չենք տրվելու սադրանքների։ Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները և համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը։

Կո’չ ենք անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին` ուշադրության կենտրոնում պահել Ս. Բաբայանի հետ կապված գործը, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։

Կո’չ ենք անում քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին` համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։ Կո’չ ենք անում մեր հանրությանը, յուրաքանչյուր քաղաքացու` այս դեպքից հետո անել համապատասխան հետևություններ, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, համախմբված ձևով հանդես գալ փոփոխությունների օգտին ու ապրիլի 2–ին ձևավորել նոր իշխանություն»։

Սամվել Բաբայանը ձերբակալվել է այսօր: Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտնել էր, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: