Անցյալի ստվերները, հոգեբանական տրավման և դեղատոմսը

t_650.650.img583b016a48bb9

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքին այս տարի միացավ նաև «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը, որը ապրիլի 23-24-ին անց կացրեց «Հոգեբանական տրավմաներ» թեմայով անվճար ուսումնավարժանքը: Քանի որ տրավմաների թեման արդիական է մարդկանց համար կյանքի տարբեր փուլերում, զրուցեցինք թրեյնինգի վարող հոգեբան, միաջազգային ստանդարտներով վերապատրաստված քոուչ և ՆԼԾ (NLP)-պրակտիկ մասնագետ Աննա Գալստյանի հետ՝  տրավմաների և դրանց հաղթահարման միջոցներին վերաբերող հարցերի շուրջ:

Դուք վարում եք ՝ «Հոգեբանական տրավմաներ» թեմայով ուսումնավարժանքը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Կբացատրեք, ի՞նչ է հոգեբանական տրավման և որո՞նք են դրա առաջացման պատճառները:

Ա.Գալստյան. –Տրավման՝ խորը հուզական ապրում է, որն առաջանում է մարդու համար անսպասելի ու ցավալի դեպքի կամ տեղեկության արդյունքում: Մարդը պատրաստ չի լինում դիմակայել, փոխել, ազդել իրավիճակի վրա և, կարելի է ասել, անզորությունից ենթարկվում է տրավմայի: Հոգեբանական տրավման կարող է առաջանալ ֆիզիկական տրավմաների և հուզական ոլորտին դիպչող իրադարձություների ֆոնին: Հավելեմ, որ տրավմայի ենթարկված մարդիկ ունակ չեն տալ իրենց սեփական երեխային հոգեբանական բարենպաստ պայմաններ, փոխանցելով իրենց վախերը, տագնապները, ցավը իրենց ժառանգներին, և արդյունքում ևս մեկ սերունդ է մեծանում տրավմատիկ հոգեբանությամբ: Դա կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև խնդիրը գիտակցվի և հոգեբանական փոփոխության ենթարկվի:

Եթե վերքն ամոքված և գիտակցված չէ, այն փոխանցվում է սերնդե սերունդ: Այդպիսի տրավմաներին անվանում ենք ժառանգական տրավմաներ: Որպես օրինակ կարող եմ բերել Մեծ Եղեռնի հետևանքները հայ ժողովրդի վրա:

Ինչպե՞ս կարող է անձը հասկանալ, որ իր մոտ առկա է հոգեբանական տրավմա: Կա՞ն որևէ դրսևորումներ:

Ա.Գալստյան. – Միևնույն իրադարձությունը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է թողնում՝ կախված մարդու աշխարհընկալումից, սթրեսակայունությունից և հարմարվողական մեխանիզմներից:

Հոգեբանական տրավման կարող է լինել գիտակցված կամ չգիտակցված, արտամղված և դրսևորվել հետևյալ նշաններով՝ սննդակարգի կամ քնի խանգարում, թուլություն, իմունային համակարգի թուլացում, երեխաների մոտ՝ գիշերամիզություն, ֆիզիկական տագնապ և այլն: Հոգեբանական կողմից հնարավոր է դեպրեսիվ վիճակ, տագնապայնություն, վախ, նյարդայնություն, բարկություն, ագրեսիա, հուզական բթացում, հիշողության կորուստ, ուշադրության ապակենտրոնացում և այլն:

Լուրջ տրավմաների դեպքում հնրավոր են կպչուն մտքեր, գիշերային մղձավանջներ, մեղքի զգացում, ընդհանուր անհանգստություն, անքնություն, ժամանակի ընկալման խախտում, հաճախակի լաց,  մեկուսացում, թշնամական վերաբերմունք և կոնֆլիկտներ շրջապատող մարդկանց հետ, մշտական վտանգի զգացում և այլն:

Չգիտակցված (հատկապես ժառանգական, էմբրիոնալ, մանկական) տրավմաների դեպքում մարդու կյանքում հանդիպում են իրավիճակներ, որոնք կրկնվում են և ցավ են պատճառում: Պատճառները չեն գիտակցվում, մարդիկ դա վերագրում են վատ ճակատագրին:

Ո՞ր տարիքից սկսած կարելի է աշխատել տրավմաների հետ, և կա՞ն,արդյոք, որևիցե սահմանափակումներ կամ հակացուցումներ:

Ա.Գալստյան. – Որքան վաղ սկսվի աշխատանքը, այնքան շուտ մարդը կազատվի ծանր ապրումներից: 2-3 տարեկան երեխաների հետ արդեն կարելի է աշխատել:

Հարկավոր է իմանալ, որ տրավման անցնում է որոշակի փուլերով և ամեն փուլում համապատասխան օգնություն է պետք: Առաջին՝ հերքման փուլում, անձը չի գիտակցում կատարվածը: Ուժեղ ցնցման դեպքում անգամ մոռանում կամ հերքում է եղելությունը: Երկրորդ փուլին բնորոշ է ագրեսիան, երբ անձը սկսում է չարանալ, բողոքել ամենից և ամենքից, ապա երրորդ փուլում նա սկսում է օգնություն և աջակցություն փնտրել ամենուր, փորձելով վերադարձնել նախկին կյանքը: Այս փուլում հարկավոր է օգնել մարդուն հասկանալ իրականությունն և ռացիոնալ մտածել: Վշտի փուլում մարդն ամբողջովին գիտակցում է իրավիճակի անդառնալիությունը, հրաժեշտ տալիս անցյալին, իսկ վերջին՝ընդունման և հաշտեցման փուլում, նա իրավիճակը վերագնահատում և կյանքը շարունակելու նոր քայլեր է ձեռնարկում, ելքեր փնտրում:

Ագրեսիվ վարքը դատելուց առաջ հարկավոր է հիշել, որ ոչ ոք ուրիշին ցավ չի պատճառի, եթե մեծ ցավ չունի իր մեջ:

Ամեն դեպքում ջերմ, հոգատար վերաբերմունքը մարդուն օգնում է հաղթահարել դժվարությունները: Սակայն, ինչպիսինն էլ լինի ընկերական աջակցությունը, մասնագետին՝ հոգեթերապևտին, հոգեբանին, քոուչին դիմելը պարտադիր է՝ ծանր հետևանքներից խուսափելու համար:

– Ի՞նչ մեթոդներ կան մարդկանց արագ և անցավ տրավմաներից ազատելու համար: Կնկարագրե՞ք Ձեր կողմից կիրառվող մեթոդն և դրա առանձնահատկությունները:

Ա.Գալստյան. – Մեթոդները շատ բազմազան են. հոգեվերլուծական, արտթերապևտիկ, վարքաբանական, ՆԼԾ, Պոզիտիվ թերապիա և այլն: Որոշ դեպքերում երկու-երեք հանդիպումը բավական է լինում, որոշ դեպքերում ամիսներ է պահանջվում ամբողջովին ամոքվելու համար: Թերապևտիկ պրոցեսը հեշտ չի անցնում: Մարդը նորից վերապրում է ցավը, տառապանքը: Հոգեբանի հետ աշխատանքը թեթևություն է բերում, երբ մարդն արդեն հասել է հաշտեցման փուլին:

Եվ հոգեբանական, և քոուչ ուսումնավարժանքներ եմ վարում, սակայն, գերադասում եմ քոուչինգով աշխատել, քանի որ տառապանքից և ցավից ազատումը դրական և լուսավոր սպասումների հետ է միշտ կապված: Կիրառում եմ մի շարք տեխնիկաներ: Հիմնականում աշխատում եմ ՆԼԾ, ՄՎԿ, ՀԼ տեխնիկաներով, որոնք շատ արդյունավետ են և շտապ օգնության են հասնում, մեղմացնում, ամոքում մարդու տառապանքը: Իմ աշխատանքը հիմնված է որոշակի դրույթների վրա: Մեթոդը խաղարկային է և գործում է մեկ կամ մի քանի մարդկանց մասնակցությամբ:

– Դուք հոգեբան եք և հանդես եք գալիս որպես քոուչ, սակայն, մեր հասարակության համար դեռևս այս տերմինը մնում է խորթ: Կնշեք, թե ինչումն է կայանում քոուչի և հոգեբան-խորհրդատուի միջև առկա տարբերությունը: Նաև, ինչի՞ն է միտված քոուչի աշխատանքը:

Ա.Գալստյան. – Հոգեբանությամբ զբաղվում եմ երկար տարիներ, քոուչինգով՝ գրեթե 5 տարի, սակայն, համարում եմ քոուչինգն առավել արդյունավետ և կիրառելի: Այժմ վարում եմ խմբային և անհատական քոուչինգ սեսիանեեր «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում հենց որպես քոուչ: Մեր հասարակության համար դեռ նոր աշխատելաոճ է, սակայն, արտասահմանում մեծ կիրառություն ունի: Այն կիրառվում է անհատական խնդիրների հաղթահարման և արդյունավետ կյանքի կառուցման, բիզնես պրոցեսների կատարելագործման, կազմակերպությունների զարգացման մեջ և այլն:

Բոլոր մոտեցումների հիմքը նույնն է՝ օգնել մարդուն, ազատվել խնդիրներից, ապրել լիարժեք կյանքով: Քոուչն աշխատում է մարդու նպատակի հետ,կա աշխատանքային կոնկրետ ձևաչափ. սկզբից պարզում են նպատակը, ապա ստուգում, թե որքանով է դա ռեալ, նշանակալից և իրագործվող: Ուսումնասիրում են նախկին և մշակում նոր, արդյունավետ մարտավարություններ, ապա վերացնում նպատակին խոչնդոտող խնդիրները, կոնֆլիկտները, մոդելները: Կառուցում են նոր մոդելներ, ապա հասնում նպատակի և գնահատում արդյունքը:

Վերջում կուզեի հավելել իմ կարծիքը կոնկրետ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի նախաձեռնության վերաբերյալ: Կարծում եմ, որ ցանկալի կլիներ, որպեսզի բոլոր հոգեբանական կենտրոններն ապրիլի 24-ը տրավմաների հաղթահարման օր հայտարարեին և անվճար օգնեին մարդկանց ամոքել իրենց ցավերը, ինչը մեր ազգգակիցերին կդարձներ ավելի լավատես, ուժեղ և պայքարող հենց հայրենիքում, ոչ օտար հողում: