«Եվրասիական ինտեգրացիան արտահայտում է արժանապատիվ ապրելու ցանկությունը»

Sergeev_537x356Հարցազրույց ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի վարչության նախագահ ԱՆԴՐԵՅ ՍԵՐԳԵԵՎԻ հետ: 

 
-Ի՞նչ կապեր ունի ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը Հայաստանի հետ: 
-Մեր հիմնադրամն արդեն քսան տարի գործում է, հույս ունեմ, որ մենք արդյունավետ ուղղությամբ ենք աշխատում: Եվրասիական ինտեգրումը այսօր առավել կարևոր և առավել հեռանկարայինն է մեր գործունեության մեջ, մեզ համար աշխատանքային հարթակ է ընտրվել Հայաստանը ոչ պատահաբար: Հայաստանը մեզ համար կենտրոն է՝ առաջին հերթին հաղորդակցության:

Մեր հայ գործընկերների՝ առաջատար փորձագետների հետ մենք կարողացել ենք ստեղծել եվրասիական ինտեգրման դասագրքի նախագիծը, որ շատ կարևոր ներդրում է ամբողջ գործընթացի մեջ: Համընդհանուր ճանաչված փաստ է, որ Հայաստանը հաղորդակցության կենտրոն է և այն, որ արդեն երկրորդ տարին է՝ եվրասիական ինտեգրման դասընթացը դասավանդվում է Երևանի պետական համալսարանում, ներառված է ուսումնական ծրագրերում, վկայում է, որ Հայաստանը այդ կենտրոնի դերը շատ լավ է կատարում: Դասագրքի հեղինակները ինտերնացիոնալ կազմ ունեն, և դասագիրքը պահանջարկված է ուսանողների, դասախոսների, ակտիվ երիտասարդների, հասարակության շրջանում: Այդ հետաքրքրությունը վկայում է այն խնդիրների արդիականությունը, որ մենք փորձել ենք դասագրքով լուծել:  

-Դրանո՞վ եք բացատրում, որ առարկան դասավանդվում է միայն Հայաստանում: 
-Ոչ, Հայաստանն ընտրված է իբրև այդ գիտելիքների ու այդ արժեքների տարածման կենտրոն, մեծ թվով հայեր Հայաստանից դուրս էլ ուշադրության կենտրոնում են պահում հայկականության խնդիրները: Ռուսաստանում չկա նման հասկացություն՝ ռուսականություն, ցավոք: Հայկականությունը շատ կարևոր հասկացություն է, որ թույլ է տալիս ազգին անմիջականորեն մասնակցել աշխարհաքաղաքական ներկա գործընթացներին: Մենք միմյանց հասկանալու խնդիրներ չունենք և շատ ընդհանրություններ ունենք՝ մշակութային ու պատմական:
-Այդ թվում՝ քրիստոնեությո՞ւնը:
-Իհարկե, նաև քրիստոնեությունը: Եվրասիական ինտեգրացիան, սակայն, վերազգային է, որ արտահայտում է արժանապատիվ ապրելու ցանկությունը: Այստեղ է շատ հարցերի բանալին: Ընդհանուր ներկայի ու ընդհանուր ապագայի ստեղծման մոդելի: Մենք պետք է ճշմարտությանը վերաբերվենք իբրև ճշմարտության:
-Ճշմարտություն է, որ ԵԱՏՄ-ն մեծ հաջողություն չունի, բարեփոխումներն էլ Ռուսաստանում շատ դանդաղում են:
-Իսկ ո՞ր երկրում են բարեփոխումները արագ կատարվում: Ռուսաստանը հստակ հանդես է գալիս եվրասիականության շարժման նախաձեռնող ու կենտրոն ոչ այն պատճառով, որ ամեն տեղ Ռուսաստանի ձեռքը կա: Այստեղ այլ պատմություն է՝ հենց վերազգային, տնտեսական գործոնն է գլխավորը՝ աշխատելու, ապրանքներ ու ծառայություններ վաճառելու հնարավորության ստեղծումը: Ի՞նչ է ասում չինական իմաստությունը՝ ժողովուրդը պիտի կուշտ լինի, ու ամեն ինչ լավ կլինի: Գուցե այսօր բոլորիս համար էլ դժվար է, բայց մենք պիտի մտածենք մեր երեխաների ու մեր թոռների մասին: Նրանք պիտի մեզնից լավ ապրեն: Մոլդովայի օրինակը Ձեզ ոչինչ չի՞ ասում: Նրանք ունեցան եվրաասոցացման ընթացք, ու ի՞նչ: Որևէ մեկը սպասո՞ւմ է նրանց Եվրամիությունում, նրանց արտադրանքը ԵՄ-ում պե՞տք է, նրանց վերաբերվում են իբրև երկրորդ կարգի մարդկանց:
-Դա արագ զարգացման խթան չի՞ կարող դառնալ: 
-Մի մոռացեք՝ ինչ ժամանակներում ենք ապրում: Կրտսեր որդիս երկու տարեկան է, և ես շատ եմ մտածում՝ ինչպե՞ս է նա ապրելու: Այսօր մենք մեր ժառանգների, մեր մերձավորների համար արժանավայել կյանք ու ապագա ենք ուզում ստեղծել:
-Ի՞նչ է պետք, որ փոխվեն Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները: 
-Հետ նայեք պատմությանը: Ոչ մեկին երբեք ձեռնտու չի եղել ուժեղ Ռուսաստանը:
-ՈՒժեղ ԱՄՆ-ն էլ Ռուսաստանին ձեռնտու չի եղել:
-ԱՄՆ-ը մյուս մայր ցամաքում է ու շատ հեռու:
-Իսկ Եվրոպա՞ն: 
-Իսկ Եվրոպան սահմաններ ունի: Ես չեմ կարծում, որ Դուք ԱՄՆ-ում Ձեր հարցը տաք, որևէ մեկը հոդաբաշխ կպատասխանի:
-Դա քաղաքականությո՞ւն է, թե՞ չիմացություն:
-Մենք ապրում ենք մի մայր ցամաքում, որ, ըստ էության, սահմաններ չունի: Սահմանները հարաբերական են՝ ոչ մեկին երբեք չեն կանգնեցրել: Երբ մենք հասկանանք՝ ինչ է մարդկանց պետք, կհասկանանք խնդիրների էությունը:
-Ցանկացած երկրի իշխանություն հայտարարում է, որ գլխավոր արժեքը մարդն է, ու ոչինչ չի փոխվում:
-Ինչ ասես ու ինչքան ասես կարելի է հայտարարել: Ինչ է ասվում ու ինչ է արվում՝ գնահատեք բովանդակությունը գործերի, ոչ թե խոսքերի:
-Ի՞նչ է արվում Ռուսաստանում: 
-Վիթխարի աշխատանք՝ վիթխարի երկրում: Պետք է հրաժարվել կարծրատիպերից: Մենք միշտ սկսում ենք հիշել ԽՍՀՄ-ը, դրանից էլ առաջ: Պետք չէ անցյալով ապրել: Ապագայի մասին է պետք մտածել: Միասին ի՞նչ անենք, որ մարդիկ արժանավայել կյանք ունենան: Հայաստանում կա, ինչ Ռուսաստանում չկա ու երբեք չի լինի: Ռուսաստանում կա, ինչ չկա ու չի լինի Հայաստանում: Նույնը՝ Ղազախստանում: Բելառուսում: Չօգտագործե՞նք միմյանց հնարավորությունները:
-Լավ, իսկ փոխհարաբերությունների հակասություննե՞րն ինչ անենք:
 
-Հակասությունները առաջ մղող շարժիչ են, ոչ ավելին:
-Չե՞ք կարծում, որ մեր խոսակցությունը շատ վերացական է: 
 
-Ես Հայաստան եմ եկել իմ ռուսական անձնագրով, Ձեր հայկական անձնագրով ո՞ւր կարող եք գնալ:
-ԵԱՏՄ-ն արդեն երկու տարի կա, այդ երկու տարում արդեն այնքան հակասություններ են ի հայտ եկել, որ հարց է ծագում՝ միության ստեղծումը պատրաստվա՞ծ էր, թե՞ քաղաքական քայլ էր: 
-Որևէ միության ստեղծման համար միշտ էլ պետք է անընդհատ պատրաստվել: Այսօր ես Ռուսաստանի խանութներում տեսնում եմ հայկական ապրանքներ, բայց Բեռլինի խանութներում չեմ տեսնում: Դա նշանակում է, որ կա ընդհանուր շուկա, և վկայում է, որ միությունը ինքնադրսևորման հնարավորություններ է տալիս, կյանքի որակը բարելավելու միջոց է:
 – Մենք չենք կարող շրջանցել աշխարհաքաղաքականությունը, Հայաստանը միակ երկիրն է, որ ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունի:
-Դա այսօր խնդիր չէ, հակառակը՝ նոր հնարավորություններ է ստեղծում:
-Նկատի ունեք, որ Հայաստանը կարող է կամո՞ւրջ դառնալ: 
-Հայաստանն արդեն դարձել է կամուրջ:
-Դեպի Իրա՞ն: 
-Ինչո՞ւ միայն Իրան:
-Իսկ ո՞ւր: 
-Կամուրջը երկկողմ շարժումով ճանապարհ է, և Իրանը վաղուց միակ երկիրը չէ, որի հետ ԵԱՏՄ-ն գործակցում է: Իրանի մասին պետք է հիշել, հասկանալ, հարգել, բայց Իրանն էլ պետք է հարգանքով վերաբերվի այն արժեքներին, որ Հայաստանում կան:
 
-Ի՞նչ դեր ունեն Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք պե՞տք են ԵԱՏՄ-ին կամ ԵԱՏՄ-ն նրանց: 
-Մենք խոսում ենք քաղաքականությա՞ն մասին, թե՞ տնտեսության:
-Նախ՝ քաղաքականության: 
-Շատ կարևոր է, որ խնդիրները տարբերակվեն: Մենք սպասարկո՞ւմ ենք քաղաքական շահերին, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական շահերից առաջ ենք շարժվում: Պետք է առաջ անցնել, այդ դեպքում քաղաքականությունը կհասկանա՝ ինչ չպետք է անել:
-Այո, բայց դա իմ հարցի պատասխանը չէր:  
-Իհարկե, չի կարելի պատմությունը մոռանալ կամ ջնջել: Մենք այսօր ապրում ենք հաղորդակցության զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, որ ջարդում են հին պատկերացումները: Մենք վերցնում ենք հեռախոսը ու կարող ենք շփվել ում հետ ցանկանանք՝ որտեղ էլ նա լինի: Ցանկացած ազգ էլ միշտ ունի մի փաստարկ, որ հնարավոր չէ վիճարկել, ուրեմն ի՞նչ, կա՞նգ առնենք:
-Այդ փուլում՝ այո: 
-Եթե ելակետ վերցնենք, որ այսօրն ապրեցինք, վաղը ինչ կլինի՝ կլինի, բայց այդ դեպքում ո՞ւմ ենք հանձնում մեր ապագան:
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Նյութի աղբյուրը՝