Հայաստանում սկսվում է Սորոսի դեմ պայքարի նոր փուլ, որը պետք է միավորի բոլորին. Արման Ղուկասյան

6821420

Սորոսի կամ նմանատիպ հիմնադրամների գլխավոր նպատակը այնպիսի քաղաքական օրակարգ մտցնելն է, որն ազդում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա. լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նա մանրամասնեց, որ Սորոսի հիմնադրամի կողմից հայաստանյան հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելը մի քանի օրվա պատմություն չունի: «Խնդիրը չի առաջացել երեկ: Հիմնադրամը, որ կրում է Open Society Armenia անվանումը, մեր երկրում գործում է 1997 թվականից»,- հայտնեց փորձագետը:

Ըստ Ղուկասյանի` մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Հունգարիան (ի դեպ, Ջորջ Սորոսի ծննդավայրն է), Ռուսաստանը և Իսրայելը  արգելել են հիմնադրամի գործունեությունը` այն որակելով «ներխուժում երկրի ներքին քաղաքականության մեջ»: Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հիմնադրամը փակելուն ընդամենը 1 ամիս ժամանակ էր տվել` այն անվանելով «չարիք»:

«ԱՄՆ-ը, որի քաղաքացի է համարվում Սորոսը, ևս մտածում է հիմնադրամի գործունեության կասեցման մասին: Այն հիմնականում հարում է դեմոկրատներին և հակահանրապետական դիրքորոշում ունի: Այնտեղ անգամ բողոքի ակցիաներ ու ստորագրահավքներ են կազմակերպվում այս նպատակով»,- նշեց Արման Ղուկասյանը:

Ըստ նրա` Հայաստանում մեծ թիվ են կազմում հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունները: 2018 թվականին հայաստանյան մի շարք կազմակերպությունների փոխանցվել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: «Open Society Armenia» հիմնադրամից ֆինանսավորում է ստացել նաև «Իրազեկված քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: «Դրամաշնորհը կազմել է 400.000 ԱՄՆ դոլար: Կազմակերպությունը հակառուսական դիրքորոշում ունի և դեմ է արտահայտվում Հայաստանի` ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցմանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջամտություն մեր ներքին և արտաքին քաղաքականությանը»,-ընդգծեց բանախոսը:

ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը առաջարկում է նոր օրենսդրական կարգավորում մտցնել, որը կկասեցնի նման հիմնադրամների գործունեությունը Հայաստանում: «Պիտի հասկանանք, թե Սորոսի ֆինանսական աջակցությամբ գործող հասարակական կազմակերպությունները գումարի՞, թե՞ գաղափարի համար են գործում: Մի՞թե հիմնադրամը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի, Հունգարիայի կամ Իսրայելի նման պետությանը և չվնասել Հայաստանին»,- պնդեց Ղուկասյանը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում սկսվում է Սորոսի դեմ պայքարի նոր փուլ, որը պետք է միավորի բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից: