47626857d5ea23cc9d81d9b98becdd43

Հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու 7 դատավորներ ( Ա.Գյուլումյան, Ա.Դիլանյան, Ֆ.Թոխյան, Ա.Թունյան, Ա.Խաչատրյան, Հ.Նազարյան, Ա.Պետրոսյան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասված է. – «Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող»:

ՍԴ դատավորները նաև նշել են, որ Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:

«Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց», – հայտարարել են դատավորները՝ եզրափակելով. – «Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։

Նշենք, որ Սահամանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Կառավարությունից այսօր տեղեկացրեցին, որ Գրիգորյանի նամակն արդեն ստացել են և ուսումնասիրում են։

Comments

comments