Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Տուսկին ղարաբաղյան կարգավորման հարցում ԵՄ դիրքորոշման համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Նշելով, որ ուրախ է Տուսկի Երեւան այցելության համար, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա արդեն առաջին հանդիպումը չէ համեմատաբար կարճ ժամանակում, եւ դրանք բոլորն անցել են բարեկամության եւ կառուցողականության մթնոլորտում։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում սեկտորալ ուղղությունների եւ հանրապետության ներքաղաքական կյանքի, տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ հաստատել է երկրի իշխանությունների քաղաքականությունը՝ ուղղված օրենքի գերակայության եւ դեմոկրատիայի ամրապնդման ապահովմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին։ Վարչապետը տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահին երկրի իշխանությունների ջանքերի մասին անկախ դատական համակարգի ստեղծման հարցում եւ ընդգծել եվրոպական կառույցների եւ մասնավորապես ԵՄ օժանդակության կարեւորությունը։

Նիկոլ Փաշինյանը նշել է ԵՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը եւ այս համատեքստում ընդգծել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով՝ դա գործիք է, որը ոչ միայն նպաստում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, այլեւ Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի գերատեսչությունները, ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցելով, մշակել են Համաձայնագրի կատարման ճանապարհային քարտեզ, որը նա հաստատել է հունիսի 1-ին։ Կողմերն անդրադարձել են վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսությունն սկսելու հարցին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է այս հարցում եւ խնդրել է Դոնալդ Տուսկին ԵՄ երկրներին հաղորդել որքան հնարավոր է շուտ Համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու խնդրանքը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշռադատված դիրքորոշման եւ համանախագահների ջանքերին անվերապահ աջակցության համար, ինչպես նաեւ ԵՄ դիրքորոշման անսասանության վստահություն է հայտնել այդ հարցում։ Ամփոփելով՝ Փաշինյանը հաջողություններ է մաղթել Դոնալդ Տուսկին հետագա գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ Տուսկը Երեւան է ժամանել Բաքվից։

Comments

comments