Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատում Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը

«Ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի»,- այս մասին այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մտքերի փոխանակում են ունեցել քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։

«Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝  հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին` հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերը. «Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրապական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը, և հայտնում է իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար»:

Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի,  հանդիպման ընթացքում ընդգծել է ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը։

«Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը, եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը։ Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության գերատեսչությունները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը. «Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1-ին՝ պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ մեկ տարի անց: Հունիսի 13-ին էլ պայմանագիրն արժանացավ նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը»:

ՀՀ վարչապետը նշեց նաև, որ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին։

«Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռությունն այս հարցում, հատկապես միջանձնային շփումների ընդլայնված անհրաժեշտության տեսանկյունից:  Ես դիմեցի նախագահ Տուսկին ԵՄ անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով», – ասաց Փաշինյանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

«Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Comments

comments