Ստամբուլ-Երեւան ավտոբուսի ուղեւորները չեն ենթարկվել եւ բռնություն են գործադրել ՊԵԿ-ի աշխատակիցների նկատմամբ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երեւան-Ստամբուլ-Երեւան միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղեւորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսեւորել են ագրեսիվ պահվածք եւ փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ներկայում Երեւան-Ստամբուլ-Երեւան միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղեւորների կողմից ՀՀ ներմուծված ապրանքները գտնվում են մաքսային պահեստում, որտեղ դրանց նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն:

«Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երեւան-Ստամբուլ-Երեւան միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղեւորներին պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաեւ խստագույնս պահպանել էթիկայի կանոնները եւ դրսեւորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսեւորած ագրեսիվ պահվածքով:

Մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Comments

comments