Այս մասշտաբի զորավարժություն դեռ չի անցկացվել. Տոնոյանը՝ աննախադեպ զորավարժության մասին

Հայաստանում կանցկացվեն աննախադեպ ռազմավարական զորավարություններ՝ զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և ՏԻՄ, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով:

Կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց, որ զորավարությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն:

Ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:

«Ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ: Այս մասշտաբի զորավարժություն Հայաստանում չի անցկացվել, բայց ամենակարևորը, որ այն մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակների ու ներգրավվող միջոցների առումով: Մարտական ուսումնական հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է, որ ներգրավվելու է զորավարժություններին 3-5 օրով: Մնացած 94 տոկոսը ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ: Այդ 6 տոկոսը տեղեկացված է, սննդի եւ մյուս հարցերը լուծված են», – ներկայացրեց նախարարը:

Նա նաև նշեց, որ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները, վեր հանել զորահավաքային նախապատրաստության խնդրահարույց հարցեր, ինչպես նաև մշակել մեխանիզմներ՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանըն ասաց, որ նախապատրաստվում է մեծ մասշտաբային միջոցառում:
«Այդ օրերին մեր քաղաքացիները կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ, և հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաև պետք է ներգրավվեն: Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացին: Սա մեր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Սա պլանային աննախադեպ միջոցառում է»:

Comments

comments