Ինչ-որ փուլում Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ արդարացման համար. խոսնակ

Մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն։ Կարծում եմ` Գագիկ Ջհանգիրյանի դեպքը շատ կարեւոր իրադարձություն էր։ Արդարացումը պետք է շարունակական լինի:

Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից Ջհանգիրյանի արդարացման փաստին։

«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը։ Սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց համար, որոնք նախանձախնդիր են եւ պայքարելու են իրենց իրավուքնները վերականգնելու համար։ Կարծում եմ՝ արադարացումներ դեռ պետք է լինեն»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար։

Նա նշեց, որ վարչապետն այս հարցում «հետ քաշված» է եւ սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որեւէ ճնշում չդիտարկվի նրա քայլը. «Ինքը վերջում կամ ինչ-որ փուլում կմիանա»:

Հարցին, թե չի՞ ստացվում, որ ով իշխանության է գալիս, նա արդարացվում է, Կարապետյանը հարցով պատասխանեց․ «Իսկ դուք կարծում եք, որ Ջհանգիրյանին այն ժամանակ ճի՞շտ էին մեղադրում»։

Comments

comments