Դատարանը մերժեց Սանասարյանի գործը կասեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանը նոյեմբերի 27-ին մերժեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (որի լիազորությունները դադարեցվել են) պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ինեսսա Պետրոսյանը նշել էր, որ Ազգային անվտանգության մասին օրենքի 4.2 հոդվածը, ինչպես նաև ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշումը հակասում են Սահմանադրությանը:

«Դատարանը չի հանգել այն եզրակացությանը, որ կա հակասություն ձեր կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև, ուստի դատարանը մերժում է միջնորդությունը»,- ասաց Բալայանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Comments

comments