Պատգամավորների ցուցակ` դատապարտված հայ ժողովրդի կողմից

Ազգային-ժողով

Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ նիստերի ընթացքում լրագրող Լիլիթ Լալայանը տեսանկարահանել էր, թե ինչպես էին պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Համլետ Հարությունյանը, Արշակ Մխիթարյանը, Կարեն Սարիբեկյանը, Սպարտակ Մելիքյանն ու Բազմասեր Առաքելյանը քվեարկում այլ պատգամավորների փոխարեն: Լրագրողն այժմ պատրաստվում է դատարան դիմել այս պատգամավորների արարքի հիման վրա: Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն էլ փետրվարի 18-ի նիստում որոշել էր, որ նշված պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները:

Խնդիրն այստեղ այն չէ, որ պատգամավորները կենթարկվեն պատասխանատվության թե ոչ, խնդիրն ամբողջ պառլամենտական համակարգի մեջ է հարկավոր փնտրել: Այն, որ ԱԺ-ն դարձել է մի օրենսդրական կառույց, որը կարծես թե գործում է ժողովրդից և ժողովրդի խնդիրներից մեկուսացած և ընդունում է օրենքներ, որոնք բխում են նեղ օլիգարխիկ խմբավորումների շահերից, բոլորին է հայտնի: Վստահ ենք, որ քիչ չեն այն պատգամավորները, որոնք ոչ միայն քվեարկում են ուրիշի փոխարեն, այլ նաև ընդհանրապես ծանոթ չեն այն օրինագծերին, որոնց օգտին սեղմում են կոճակը:

Իրավական և դատական կառույցները Հայաստանում նույնպես անկողմնակալ չեն, և դժվար թե այս պատգամավորները նույնիսկ օրենքի առկայության դեպքում լուրջ պատասխանատվության ենթարկվեին: Պատգամավորների նման արարքը միանշանակ հանցագործություն է սեփական ազգի նկատմամբ, որովհետև հենց այդ ազգն է կրում այդ հակաժողովրդական օրենքների բեռը: Յուրաքանչյուր պատգամավորի միակ գնահատակն տվողը իր ժողովուրդն է, որին ինքը կոչված է ծառայելու: Այս պատգամավորները, նույնիսկ չենթարկվելով պատասխանատվոթյան դատարանի կողմից, միևնույն է, դատապարտված են սեփական ժողովրդի կողմից:

Արման Ղուկասյան

Comments

comments