ԼՂՀ–ի համար գլխավորը անվտանգության երաշխիքներն են. Դավիթ Բաբայան

davit

Կարգավիճակը չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիք լինել։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ինտերֆաքս» ռուսական գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ տարածքների հարցը մշտապես շեշտում է Ադրբեջանը, եւ համանախագահները կամա թե ակամա ստիպված են այն ներառել օրակարգում, քանի որ չեն կարող անտեսել հակամարտության կողմերից մեկի պահանջները։ «Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նման մոտեցումը մեզ համար ընդունելի է»,– ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը՝ միաժամանակ հիշեցնելով, որ տարածքային պատկանելիության մասին խոսելիս Բաքուն մոռանում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ–ի իրավահաջորդը չէ, քանի որ ինքն է հրաժարվել քաղաքական եւ իրավական ժառանգությունից։

«ԼՂՀ–ի  համար գլխավորը անվտանգության երաշխիքներն են։ Ոչ  մի կարգավիճակ չի կարող անվտանգության երաշխիք լինել, եթե հակառակորդ կողմը չի հրաժարվել ֆաշիստական հռետորաբանությունից, սպառնում է «ազատագրել տարածքները», այդ թվում՝ Զանգեզուրն ու Երեւանը»,– ասել է Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով, եթե 90-ական թթ. հնարավոր էր դիտարկել տարածքները կարգավիճակի դիմաց փոխանակելու հարցը, ապա հիմա՝ պատերազմից հետո, որից Ղարաբաղի ժողովուրդը հաղթող է դուրս եկել, իսկ ազգային–ազատագրական գաղափարախոսությունը ձեւափոխվել է պետականաշինության գաղափարախոսության, ոչ։

Բաբայանը հիշատակեց, որ աշխարհում շատ են օրինակները, երբ ագրեսիայի թիրախ են դառնում ճանաչված պետությունները, ավելին՝ տարածքները կարգավիճակով փոխարինելու մոտեցումն անընդունելի է նաեւ այն պատճառով, որ «կարգավիճակ» ընդհանուր սահմանումը կարող է ենթադրել ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Տարածքների հարցը քննարկելիս անհրաժեշտ է հիշել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին՝ Գետաշենի, Շահումյանի, Հյուսիսային Արցախի եւ այլն»,– նշել է Բաբայանը։

«Կարգավորման ճիշտ տարբերակը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Միայն դրանից հետո կարելի կլինի նստել բանակցությունների սեղանին եւ քննարկել սահմանների հարցը»,– փաստել է Դավիթ Բաբայանը։

Comments

comments