Համավարակն ապացուցեց՝ ազգային մոբիլիզացիան այսօր անհրաժեշտություն է. փորձագետներ

Ժամանակն է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական ամբիցիաներից, քանի որ խոսքն այսօր պետության ու մեր ազգաբնակչության անվտանգության մասին է: Եվ ազգային մոբիլիզացիան այսօր անհրաժեշտություն է: Այս մասին «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկան ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալականարդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, երկարաժամկետ ռազմավարության կարիք կա, քանի որ համավարակը ո՛չ երեկվա, ո՛չ այսօրվա խնդիր է և վաղն էլ, ցավոք, այն չի ավարտվելու:

«Կառավարությունը հաճախ իրարամերժ գործողություններ ու իրրամերժ որոշումներ է կայացնում: Քաղաքացիներն ունեն մտահոգություններ, որ գնալով իրավիճակը ավելի է բարդանալու, և դրական սպասումները գնալով մարում են: Այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն էր միավորել բոլորիս ռեսուրսները, անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն ու այդ ճանապարհով հասնել լուծումների: Սակայն դա այդպես էլ չեղավ»,- ասաց նա:

Ղուկասյանը նշեց, որ հատկապես ճգնաժամի ժամանակ գլխավորը դառնում է այն, որ արդար կերպով բաշխվի պետական բյուջեն, ինչը սոցիալական արդարության կարևոր սկզբունքներից մեկն է: Բայց կոնկրետ կորոնավիրուսի ճգնաժամը ցույց տվեց, որ պետական միջոցների բաշխումը այդքան էլ հասցեական չեղավ՝ շատ մարդիկ, որոնք իսկապես պետք է ստանային պետության օժանդալությունը ու դրա կարիքը ունեին, դուրս մնացին այդ ծրագրերից ու բախվեցին շատ լուրջ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգեբանական խնդրի:

Ըստ բանախոսի, գուցե կառավարության նման ոչ հեռատես քաղաքականության պատճառն այն էր, որ կար թյուր կարծիք, որ այս ճգնաժամը տևելու է մեկ-երկու ամիս, թեև միջազգային փորձագիտական շրջանակների կանխատեսումները հակառակն էին պնդում.

«Ցավոք, այս ճգնաժամի ազդեցությունը դեռևս շատ երկար ենք զգալու մեզ վրա բոլորս, այդ իսկ պատճառով դարձյալ ուզում եմ կոչ հնչեցնել, ուղղված բոլորին, այդ թվում և իշխանությանը՝ եկեք մի կողմ դնենք մեր քաղաքական ամբիցիաներն ու լծվենք պետության փրկման, տնտեսության կայունացման գործընթացին: Մենք չպետք է լինենք այնպիսի պետություն, որը շարժվում է օրվա կուրսով, այն էլ ճգնաժամի ժամանակ, այլ պետք է դառնանք այնպիսի պետություն, որը ճիշտ հաշվարկների, սթափ գնահատելու շնորհիվ պատրաստ է բարդություններին ու ճգնաժամերին ու կարողանում է դրանց դիմակայել»,- հավելեց նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սեփական փորձի վրա է համոզվել, որ կառավարության վարած քաղաքականությունը թույլ է ու ոչ հասցեական: Նրա խոսքով, թեև կառավարության ծրագրերում նշվում է հասցեականությունն ու թիրախները, բայց շատ մարդիկ, որոնք կարող էին պոտենցիալ շահառու լինել ու դրանով նպաստել նաև պետությանն օգտակար լինելուն, դուրս են մնացել պետական աջակցության ծրագրերից:

«Պետական միջոցների օգտագործումը արդարացված չէ և չի կարող թիրախային լինել: Այս ամիսներին շատ է խոսվել, թե ինչ կարող են ակնկալել մարդիկ, որոնք համավարակից չեն խուսափել: Եթե ինքս այդ վիճակում չլինեի, կասեի, որ նման խոսակցությունները քաղաքականացված են, սակայն ինքս անցել եմ դրա միջով ու կարող եմ ասել՝ զրո ուշադրություն: Եվ այն գումարները, որ ասում են, թե տրամադրվում են՝ ճիշտ հակառակը՝ ես եմ այդքան գումար ծախսել: Հարցը նաև բարոյական կողմ ունի, մենք ուզում ենք հասկանալ ՀՀ քաղաքացին կարո՞ղ է հավակնել այդ պետեկան աջակցությանը, թե դա միայն  պրոպագանդա է»,- նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ համավարակի այս ողջ իրավիճակը հստակ ցուցիչ է, թե արդյոք մենք կարող ենք հաղթահարել ոչ միայն այս խնդիրը, այլև շատ այլ խնդիրներ, որ ծառացած են երկրի առջև:

Քննարկմանը մասնակից սոցիոլոգ Սամվել Մանուկյանը իր խոսքում անդրադարձավ բնակչության սպասումներին: Նա ներկայացրեց, որ հունիսին իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ  ընդհանուր առմամբ բնակչության շրջանում դեռևս կա իշխանությունների հանդեպ վստահության որոշակի պաշար, չնայած այն հանգամանքին, որ համակարգային խնդիրների լուծման տեսակետից զգացվում է կառավարության անփորձ լինելը։ Սակայն բնակչությունը դեռ պատրաստ է սպասել: Այդպես, Հայաստանի բնակչության 30 տոկոսը պատրաստ է ևս վեց ամիս երկրում ընթացող գործընթացներն ընդունելի համարել, հարցվածների 20 տոկոսը այդպիսի դիրքորոշում կունենա ևս մեկ տարի, իսկ 20 տոկոսը՝ 1,5 տարի:

Ուշագրավն այն է, նշեց նա, որ նույնիսկ քննադատության ֆոնին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բնակչության շրջանում հունիսին բավականին մեծ վարկանիշ ուներ՝ 60 տոկոս։  Ըստ Մանուկյանի՝ սա բավականին բարձր ցուցանիշ է և վերջին 5-10 տարիներին հանրապետությունում ոչ մի պաշտոնյա նման բարձր ցուցանիշ չի ունեցել:

Նշենք, որ «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» քննարկումը նախաձեռնել է «Հանուն սոցիալականարդարության» կուսակցությունը:

Comments

comments