Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։

Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահը հայտնել էր, որ տեխնիկական մի շարք խնդիրներով պայմանավորված, իր՝ այսօր ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է:

Նշենք նաև, որ Արցախի ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,- ասված է ՊԲ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Comments

comments