Ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը

Հոկտեմբերի 8-ին Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։

Ստորև՝ հռչակագրի տեքստի ամբողջական թարգմանությունը։

Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ՝ Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ:

Այս երկիրը, որ քրիստոնեության բնօրրանն է՝ պատմական Հայաստանի արևելյան մասը, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն 1921 թ. բռնակցվել է Ադրբեջանին: Արդեն 1988 թ․ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի:

Հանրաքվեից հետո Արցախի ժողովուրդն այսպիսով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերանվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց անխնա մի պատերազմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ հակամարտության խաղաղ լուծման նպատակով՝ Ադրբեջանի կողմից անկայուն «հրադադար»ն անընդհատ խախտելու պայմաններում:

2016 թ․ և սույն թվականի հուլիսին տեղի ունեցած հարձակումներից հետո չարիքի մութ շղարշը կրկին իջնում է Արցախի բնակիչների վրա, այս անգամ ավելի ստոր զազրելիությամբ՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմանբ, որն ուղեկցվում է կրակի անհամաչափ ուժգնության կիրառմամբ:

Հարձակում գործած գերտերությունների ղեկավարների վարքագիծը վկայում է այն մասին, որ «1915 թ․ ոգին », որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը, մինչ օրս շարունակվում է: Ճիշտ այնպես, ինչպես ներկայումս Սիրիայից Թուրքիայի տարածքով ներմուծված և արցախահայության դեմ հանված ջիհադիստ վարձկանները, 1915 թ․ Թուրքիայի կառավարությունը դիմել էր իր բանտերից ազատ արձակված իր իսկ հանցագործներին՝ հանելով նրանց հայ բնակչության դեմ։ Ողջ աշխարհի բարոյական պարտականությունն է գիտակցել այս ամենը և չլինել զուտ հանդիսատեսի դերում և, այդպիսով, երկրորդ ցեղասպանության հանցակից դառնալ:

Համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների աշխարհառազմավարական շահերի ֆոնին Թուրքիայի կողմից բորբոքած վառոդի տակառը կարող է շատ արագ խաթարել ՆԱՏՕ-ն ու Եվրոպան և աննկատ կերպով հանգեցնել գլոբալ բախման:

Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցը չի սահմանափակվում միայն իր բնակիչների ապագայի սահմաններում: Ավելի քան մեկ դար մոլեգնող և այսօր ռազմատենչ առաջնորդների խոսքերից և գործողություններից հանդգնաբար սրված «նեո-օսմանական պանթուրքիզմի» դեմ մեր վերաբերմունքից մեր՝ Ֆրանսիացիներիս և Եվրոպացիներիս սեփական ապագան է վտանգված: Թող բոլորը արդարացիորեն գիտակցեն սա` պարտադրելով բոլոր անհրաժեշտ միջոցներով վերջ դնել Արցախի դեմ ագրեսիային:

Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:

Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի չեզոքությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գործողություններում, որոնց ընդհանուր նպատակը Բոսֆորից մինչև Կասպից ծով հայերի բնաջնջումն է՝ « էթնիկ մաքուր միասնության » նկատառումներով, անտանելի է այսօր և պատմության առջև:

Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում:

Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը, հավատարիմ մարդկային և ժողովրդավարական արժեքներին, որոնք երկար տարիներ ի վեր դրսևորվում են ժողովուրդների միջև սերտ կապերով՝ եղբայրացման և բարեկամության հռչակագրերի միջոցով, մտահոգված համաշխարհային խաղաղությամբ, որի համար պայքարում է Ֆրանսիան և կիրակի օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խաղաղության հանրահավաքից հետո, որին մասնակցում էին երեք հազար մարդ՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, արտահայտում է հետևյալ իղձերը՝

– ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորությունը,

– մասնակցել միջազգային օգնության ալիքին` բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը:

 

🇫🇷 Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի…

Gepostet von Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs am Samstag, 10. Oktober 2020

Comments

comments