Արցախցիները Հայաստանում աջակցության կարիք ունեն. ՀԱՍԱԿ-ը հանդիպեց փախստական ընտանիքների

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է հանդիպումների շարքը Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքների հետ: Դեկտեմբերի 20-ին կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին մի շարք փախստական ընտանիքների հետ, քննարկեցին նրանց հուզող խնդիրները ու ստեղծված իրավիճակը մեղմացնելու հնարավոր լուծումները:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, սոցիալական, տնտեսական ու հոգեբանական ծանր պայմաններում հայտնված այս ընտանիքներն առաջնահերթ նշում են, որ պետության կողմից թեև որոշակի աջակցություն իրենց նախատեսվում է, բայց այն լիարժեք ու համարժեք չէ այն իրավիճակին, որում իրենք հայտնվել են: Բավականին լուրջ խնդիր է նաև արցախցի ընտանիքների կեցության հարցը Հայաստանում, քանի որ պատերազմի օրերին նրանցից շատերը ժամանակավոր կացարաններում են տեղավորվել՝ հանգստյան տներ, պանսիոնատներ, հյուրանոցներ ու հյուրատներ, սակայն այսօր ստիպված են դրանք լքել ու բառացի հայտնվել փողոցում.

«Մենք հասկանում ենք, որ պետությունն այսօր ծանր ու տնտեսական բարդ վիճակում է, բայց այս հարցերը ոչ պակաս կարևոր են, հատկապես, եթե հաշվի առնենք, թե արցախցիներն ինչի միջով են անցել՝ կորցրել են հայրենիք, տուն-տեղ, հարազատներ: Սա այն հարցերն են, որ առաջնահերթ լուծում են պահանջում և պետք է բարձրաձայնել, որպեսզի պետությունը կամք գտնի զբաղվելու դրանցով ու չանտեսի այս մարդկանց: Իհարկե, սոցիալական աջակցության ծրագրեր մշակվել են, կյանքի են կոչվում, թեպետ դրանց հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան հասցեականության առումով և այլն, բայց այդ ամենը բավարար չէ արցախցիների խնդիրները լուծելու համար»,- ասաց Արման Ղուկասյանը:

Նա ընդգծեց, որ կուսակցությունն իր հերթին կփորձի հնարավորինս աջակցել արցախցիներին, ու դա ոչ միայն նյութական աջակցությանն է վերաբերում, այլև հոգեբանական՝ պատերազմից փրկվածները պետք է զգան նաև մարդկային հոգատարություն:

Կուսակցության ներկայացուցիչների կողմից թվով տասը փախստական ընտանիքների տրամադրվեց նաև դրական օգնություն (50 հազարական դրամ յուրաքանչյուր ընտանիքին): Կուսակցության անդամները հերթական հանդիպումն անցկացրեցին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, որի միջոցով ևս դրական օգնություն փոխանցվեց շուշեցի մի քանի ընտանիքների:

 

Comments

comments