Այս իշխանությունների օրոք չի կարելի խոսել զարգացման ու սոցիալական արդարության մասին

Տարիներ շարունակ, ՀՀ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք հանրությունը բողոքել է Հայաստանում սոցիալական անարդարությունից ու անառողջ մթնոլորտից, որտեղ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները էլ ավելի աղքատանում: Ի՞նչ է հարկավոր երկրում սոցիալական արդարության հաստատման համար, որո՞նք են հիմնական խոչընդոտները այդ ճանապարհին: «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հրավիրած «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկման բանախոսները փորձեցին պատասխանել այս հարցերին:
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ այս իշխանությունների օրոք չի կարելի խոսել սոցիալական արդարության մասին: Նա նշեց մի քանի նախադրյալ, որոնք տանում են դրան՝ օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարություն, մարդու նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ երաշխիքներ լինեն, զբաղվածության ապահովում, սոցիալական բևեռածվածության բացառում,  մինչդեռ Հայաստանում թոշակառուն ստանում է 40 հազար դրամ թոշակ, սիկ պաշտոնյան՝ 1 մլն և ավելի աշխատավարձ ու պարգևավճար: «Հայաստանում այս իշխանությունների օրոք այս ամենի մասին խոսել պետք չէ։ Անցած գրեթե երեք տարիներին մենք տեսանք, որ Սահմանադրությունը բացառվել է, օրենք գոյություն չունի, իսկ եթե մի հարցում էլ հղում են անում օրենքին, ապա անում են դա բացառապես իրենց շահերը պաշտպանելու համար։ Իսկ ամբողջ երեք մլն քաղաքացիների իրավունքների նկատմամբ որևէ հարգանք չկա»,- շեշտեց  նա։
Բոստանջյանի խոսքով՝ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում ունենք լրջագույն խնդիրներ, մեր տնտեսական անկումը երկնիշ է, իսկ ՀՀ վիճակագրական ծառայությունը «ինչպես միշտ սուտ է խոսում». «Անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի ամբողջ կուտակածը կործանվեց ու դեռ այսօր էլ այդ ցավալի գործընթացը շարունակվում է»,- հավելեց նա:
Սոցիալական աապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ քանի դեռ երկիրն ունի անվտանգության խնդիր, խոսք չի կարող լինել սոցիալական արդարության հաստատման մասին:
«Այսօր քննարկում ենք սոցիալական արդարության բացակայությունը Հայաստանում, բայց մենք ունենք շատ լրջագույն խնդիր, որից նաև բխում է դա՝ ինչպե՞ս անվտանգ ապրենք մեր երկրում և ինչպես, օրինակ, անվտանգ հասնենք Մեղրի: Այս ապաշնորհ իշխանությունները քանդեցին երկու հիմնասյուն՝ բանակն ու սփյուռքը: Մենք միշտ պարծանքով նշել ենք, որ մենք այն երեք միլիոնը չենք միայն, որ ապրում ենք այստեղ, այլ մենք 10 միլիոն ենք, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված ենք: Որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այն քանդեցին, հավասարեցրեցին անունը զրոյին, իսկ Բաքվի շքերթի ժամանակ մեր զինատեսակները առանց մեկ վնասվածքի անգամ ցուցադրեցին: Ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը մի երկրում, որտեղ ահռելի չափերի հասնող պարգևավճարներ կան այն խնդրի ֆոնին, որ հնարավոր է առաջիկա ամիսներին պետությունը չկարողանա կենսաթոշակ ու աշխատաարձ վճարել ու ամենուր խոշոր կրճատումներ են սպասվում»,- ասաց նա:
Որպես նախկին պատգամավոր, նա նշեց, որ Ազգային ժողովը վերածվել է «բեսեդկայի», որտեղ մեկը մյուսին վիրավորում են, այլ ոչ թե բովանդակային քննարկումներ անցկացնում: «Նշեք մի ծրագիր, որ այս կառավարությունը հայտարարել է ու հասցրել է ավարտին: Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, ի՞նչ եղավ դատավորների վեթինգը, ո՞ւր են հեծանիվներով աշխատանքի գնացող պաշտոնյաները, և այլն: Սոցիալական արդարության հասնելու համար մենք պետք է ազատվենք այս չարիքից՝ օրվա իշխանություններից, որոնց օրոք բանակը գլխատվեց, Արցախը կորցրեցինք, տնտեսությունը քայքայեցինք, մինչդեռ առողջ քննադատությանը նրանք արձագանքում են ցինիզմով: Երբ կեղծ արժեքներ ես դնում քո կառավարման հիմքում, շատ կարճ ժամանակահատվածում այս երևույթները տեսանելի են դառնում, տեսանելի է դառնում երկրի կործանումը ու մարդկանց հիասթափությունը»,- հավելեց նա:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանի խոսքով, խնդիրները Հայաստանում շատ-շատ են, իսկ կորոնավիրուսի պանդեմիայի և Արցախյան վերջին պատերազմի պատճառով դրանք բազմապատկվել են:

«Ի թիվս այլ հարցերի այսօր ունենք նաև ավելի քան 30 հազար մարդ, որոնք ստիպված լքել են իրենց հայրենի վայրերը, կորցրել ամեն ինչ ու փախստական են դարձել: Եվ ի՞նչ  է անում կառավարությունը, որպեսզի այդ մարդկանց իրական խնդիրները թեթևացնի՞: Իրականում ոչինչ»,- ասաց նա:

Կոստանյանի խոսքով, բացի առկա սոցիալական, տնտեսական խնդիրներից ունենք նաև կրթության հետ կապված լրջագույն մտահոգություններ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «բարեփոխումների» մասով, որոնք ոչ միայն բազմաթիվ հարցեր են առաջացնում, այլև միտում ունեն հետագայում ևս թուլացնելու ազգային արժեքների հիմքով հասարակություն ունենալու հեռանկարը:
Բանախոսը վստահ է՝ երկրի զարգացումը ու ապագան կախված են գրագետ կառավարումից, ինչն այսօր բացակայում է, որի հիմքում կլինի պետական ու ազգային շահը:

Իսկ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրաասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ այն, ինչ ունենք այսօր՝ պարտություն, տարածքների կորուստ, նաև սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է. «Սոցիալական անարդարությունը շատ է կուտակվել մեր երկրում, և պարտությունը, մեր խնդիրները հենց դրանով են պայմանավորված: Ներկայիս իշխանությունների վարած սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է կանգնացրել երկիրը առկա բարդ իրավիճակի առջև: Կոռուպցիայի նվազմամբ, մի քանի նախկին պաշտոնյաների ձերբակալմամբ դու չես ապահովում անվտանգություն քո երկրում, որն ամենակարևոր բաղադրիչն է երկրի զարգացման համար»,- նշեց նա:
Նրա խոսքով, և՛ հին, և՛ ներկա համակարգներն իրենց ամբողջությամբ սպառել են ու ձախողել, առաջընթացի համար մեզ նոր համակարգ է հարկավո:
«Պետք է մշակել նոր կոցեպտներ։ Պետք է հասարակությանը տալ այլընտրանքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, ուղենիշներ։ Դա թույլ կտա այս դժվարին պայմաններում հաղթահարել ու առաջ գնալ, ունենալ հզոր, զարգացած, անվտանգ Հայաստան»,- հավելեց նա։

Comments

comments