Արման Ղուկասյան. Քաղաքական իշխանությունն է միասնության, կայունության պատասխանատուն

«Քարոզարշավի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի գլխավոր նպատակը կարծես թե միմյանց վարկաբեկելն էր»,- «Հայելի» ակումբում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, ում ղեկավարած կուսակցությունը չէր մասնակցում ընտրություններին։

Նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում մասնակից ուժերը գրեթե չներկայացրեցին ծրագրեր, տեսլականներ, թե ինչպես կարելի է երկիրը դուրս բերել այն վիճակից, որում հայտնվել է։

«Ընտրությունների ամենակարևոր արժեքը կորել էր։ Ընտրողը, որ պետք է գնար ընտրությունների և իր քվեն տար ծրագրերին, նրա համար մշուշոտ մնաց, թե ով ինչ է առաջարկում»,- ասաց Ղուկասյանը։

ՀԱՍԱԿ-ի նախագահը նաև դրանով է պայմանավորում քվեարկությանը ընտրողների կեսի չմասնակցելը, քաղաքացիները միգուցե չեն տեսել այն ուժին, որոնց կվստահեին իրենց քվեն։

«Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում բացվում է հնարավորություն նոր քաղաքական ուժերի ակտիվության համար, որոնք կունենան գաղափարախոսություն, ծրագրային դրույթներ»,- ասաց բանախոսը։

Ղուկասյանի խոսքով, ընտրությունների արդյունքում փոխվել է քաղաքական լանդշաֆտը, երկու արտախորհրդարանական խոշոր ուժեր հայտնվել են խորհրդարանում, իսկ երկու խորհրդարանական ակտիվ ուժեր՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դուրս են մնացել խորհրդարանից։

«Այսօր բոլոր քաղաքական ուժերի նպատակը պետք է լինի իրավիճակի կայունացումը։ Քաղաքացիները հոգնել են անկայունությունից։ Իսկ դրա իրականացման պատասխանատուն իշխանությունն է։ Հիմա նրանք ոչ թե պետք է դաշտն էլի սև ու սպիտակի բաժանեն, այլ ապահովեն միասնություն։ Եթե շարունակվի գզվռտոցը, առկա արտաքին մարտահրավերների առկայության պարագայում մեր երկրում չի կարող լինել որևէ դրական գործընթաց, զարգացում, ինչի կարիքն ունի այսօր մեր տնտեսությունն ու բանակը»,- նշեց նա։

Ընտրությունների միջոցով վերարտադրված իշխանություններին Ղուկասյանը հիշեցնում է, որ երկրում առաջացած  բոլոր խնդիրների թիվ մեկ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, ցանկացած խնդրի դեպքում իշխանությունը մնալու է իր ընտրողների ու չընտրողների հետ, նախկիններին մեղադրել այլևս չի լինի։

«Շատ մարդկանց աչքեր արդեն բացվել են, պարզ է, որ երեք տարի անց չի կարող նախկին իշխանությունը մեղավոր լինի օրինակ Արմավիրում ոռոգման ջուր չլինելու համար։ 2018-ին պարտավորություններ ստանձնած քաղաքական ուժը, որը վերընտրվել է, պետք է սկսի կատարել իր խոստումներն ու պարտավորությունները»,- ասաց նա՝ կոչ անելով լրջանալ ու խնդիրներին մոտենալ պատասխանատու կերպով, քանի որ ժամանակն աշխատում է ոչ ի նպաստ  Հայաստանի։

ՀԱՍԱԿ-ի նախագահն ընդգծեց, այսօր Ադրբեջանն ակտիվ աշխատում է, շատ կարևոր է, թե մենք ինչ ենք անում, ուր ենք գնում։

«Կրկնեմ, մենք ունենք երկու կարևոր խնդիր, վերականգնել մեր բանակն ու զարգացնել տնտեսությունը։ Անելիքները շատ շատ են։ Արտաքին քաղաքականության մեջ ևս անելիքները շատ են, մենք դաշնակցային գործընկեր Ռուսաստանի հետ պետք է գտնենք համագործակցության նոր ձևաչափեր, քաղաքական սպեկուլյացիաները, որոնք վճարի դիմաց տարածում են, թե Ռուսաստանը փորձում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից որևէ լավ տեղ տանել չեն կարող։

Պետք չէ ձևանալ ավելի պրոռուսական, քան նախկին իշխանությունն է եղել, պետք է ապահովել թափանցիկ հարաբերություններ, որպեսզի մենք հասկանալի ու պարզ լինենք գործընկերների հետ, թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ, քանի որ Արևմուտքում էլ, կարծում եմ, չեն հասկանում այս իշխանությունների տրամաբանությունը։ Նման հարաբերություններ պետք է լինեն նաև Իրանի, Վրաստանի հետ, դա բխում է մեր իսկ շահերից»,- նշեց նա։

Խոսելով առաջիկա անելիքներից, Ա. Ղուկասյանն ասաց, ՀԱՍԱԿ-ը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, չի տեսնում նախադրյալներ, որ երկրում շուտով կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընդդիմադիր ուժերն էլ չեն հայտարարել մանդատներից հրաժարվելու մասին։

Comments

comments